Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Վեդիի ընտրությունների վերահաշվարկի, վարչական լծակի հնարավոր կիրառման վերաբերյալ դիմումներ չեն ստացվել. Մուկուչյան

Վեդիի ընտրությունների վերահաշվարկի, վարչական լծակի հնարավոր կիրառման 
վերաբերյալ դիմումներ չեն ստացվել. Մուկուչյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ չեն եղել, ԿԸՀ-ն թեկնածուներից չի ստացել նաև վարչական լծակի հնարավոր կիրառման վերաբերյալ ահազանգեր, դիմումներ. ԶԼՄ-ներում, սակայն, եղել են այդպիսի հրապարակումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ահազանգեր եղե՞լ են: 

«Վեդի խոշորացված համայնքի հետ կապված՝ ընտրությունների նախապատրաստման ընթացքում դիմումներ, որպես այդպիսին, չեն ստացվել: Ընտրությունների օրը մենք հետևել ենք ԶԼՄ-ների հաղորդումներին, հրապարակված ցանկացած նյութի հետ կապված եղել է շատ օպերատիվ կերպով արձագանք»,-ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը վստահեցրեց՝ գուցե այդքան տեսանելի չի եղել, բայց հրապարակված ցանկացած հանգամանք եղել է թե տարածքային հանձնաժողովի, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: «Քվեարկության օրը, ավարտից հետո դիմումներ չեն ստացել, վերահաշվարկի դիմումներ չեն եղել»,-նշեց նա:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ տեղեկություններ կան, թե Վեդիում որոշ համայնքներում ասել են, թե քաղաքացիները կարող են հարկեր չվճարել՝ Մուկուչյանն ասաց, որ այդ հանգամանքի վերաբերյալ հանձնաժողովում դիմումներ չեն ստացել, որը հիմք կարող էր հանդիսանալ վարույթներ իրականացնելու համար: «Այդ կապակցությամբ եղած առանձին հրապարակումներում բերված փաստերը չէին պարունակում բավարար որոշակիություն, որով հնարավոր լիներ գոնե վարույթ իրականացնել»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչական լծակի կիրառման հետ կապված ահազանգ եղե՞լ է՝ նա ասաց, որ այդպիսի դիմումներ, ահազանգեր թեկնածուների կողմից չեն եղել: Եղել են նման հանգամանքներ պարունակող հրապարակումներ լրատվամիջոցներում:  

«Ցանկացած նման հրապարակման պարագայում շատ օպերատիվ կարգով փորձել ենք հասկանալ հանգամանքները, անհրաժեշտության դեպքում տրվել են պարզաբանումներ, որպեսզի հնարավոր հետագա իրավախախտումներից զերծ լինենք»,-ասաց Մուկուչյանը:

Վեդիի ընտրությունները կայացել են 2022-ի մարտի 27-ին: Ընտրություններին մասնակցել են  «Իմ Հզոր Համայնք» և  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախնական արդյունքներով ստացել է 13 հազար 139 ձայն,  «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 9 հազար 694 ձայն:

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]