Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Պետք է ապահովել հեռուստաալիքների անկախությունը, բայց պետությունը պետք է դնի որոշ արգելքներ. պատգամավոր

Պետք է ապահովել հեռուստաալիքների անկախությունը, բայց պետությունը պետք է դնի 
որոշ արգելքներ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կարևորում է հեռուստաալիքների անկախությունը, սակայն, միևնույն ժամանակ, կարծում է, որ պետությունը պետք է որոշակի արգելքներ դնի, օրինակ, ցածրակարգ սերիալների ցուցադրման առումով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկմանը:

Պատգամավորը նախ նշեց՝ հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովը, որի անդամներին պետք է ընտրի ԱԺ-ն, իրականում այն գործառույթները չունի, որոնց մասին թեկնածուներին հարցրել են նախորդ օրը և հիմա: «Այսինքն՝ այդ հանձնաժողովի անդամները ոչ կարող են հեռուստաալիքների քաղաքականություն մշակել, ոչ կարող են սերիալներ արգելել, ոչ կարող են ռաբիս երաժշտությունն արգելել, ոչ կարող են պարտադրել դասական երաժշտություն: Այն մարդիկ, որոնց մենք ընտրում ենք, իրականում անգամ կես տոկոս ազդեցություն չեն կարող ունենալ»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ դա մի կողմից շատ լավ է, բայց մյուս կողմից կան խնդիրներ, որոնց ուղղությամբ հասարակությունը պահանջում է լուծում: Նա հարց բարձրացրեց՝ կարո՞ղ է եթեր ստացած ռադիոալիքը, հեռուստաալիքը հեռարձակել ինչ երգ ուզի, ինչ ցածրակարգ սերիալ ուզի:

«Կոչ եմ անում մտածենք այն մասին, որ եթերը լինի ոչ ռաբիս, լինի ոչ բռնության քարոզով և չլինեն հայ կնոջը ծեծվող կին ներկայացնող սերիալներ, հայ ամուսնուն անընդհատ կնոջը ծեծող ամուսին ներկայացնող սերիալներ: Իրականում, մենք այդպիսին չենք, ես գիտեմ, որ այդպիսին չենք, բայց սերիալները, որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ հայ կինը միայն ծեծվելու համար է, հայ տղամարդն էլ՝ կնոջը ծեծելու և սիրուհիներ պահելու»,- ասաց Նազարյանը:

 Բայց, նրա խոսքով, ՀՌՀ անդամի թեկնածուներն այս հարցում որևէ դերակատարում չեն կարող ունենալ ընտրվելու դեպքում: «Պետք է ապահովել հեռուստաալիքների լիակատար անկախությունն ու ազատությունը, բայց միևնույն ժամանակ պետությունը պետք է որոշակի արգելքներ դնի՝ ոչ թե լուրերի թողարկումների հետ կապված, այլ խոսքս մշակութային հատվածի մասին է, քանի որ մշակույթը դաստիարակում է մարդուն: Այն մարդուն, որը 3 տարեկան է և, օրինակ, տատիկի կողքին նստած իր կամքից անկախ սերիալ դիտում և դաստիարակվում այդ սերիալով»,- ասաց պատգամավորը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]