Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Բուհեր գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար․ Փաշինյան

Բուհեր գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուհերը կուսակցականացնելու, դիվանագիտական փորձառություն չունեցողներին պաշտոններ տալու, պաշտոնյաների համար թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերելու հարցերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսում նշել է, որ իրենք չեն շեղվել նախանշված ուղուց։ Մասնավորապես, իրենց կուսակիցներին բուհեր ուղարկելը, ըստ վարչապետի, ուղղված է հենց ապակուսակցականացումը երաշխավորելուն։

«2020 թվականի իրադարձություններ ցույց տվեցին, որ մենք ամբողջությամբ ապակուսակցականացվել էինք բուհերի համակարգից, այսինքն, մեր կուսակցականներին չենք ներդրել այնտեղ։ Ու պարզվեց, որ բուհերի 90 տոկոսը թաքնված կուսակցականներ են։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգը նետվում էր մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում է, գնան տեղավորվեն այնտեղ, որտեղ տեղավորված էին 2000-ականներին։ Հիմա, երբ Սուրեն Պապիկյանը դառնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ինքը հենց գնում է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Ու ասեմ, որ մեր պետության համար կարևոր պահին, շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան ու մեր տված շանսը չօգտագործեցին։ Մենք չենք գնում բուհական խորհուրդներ կուսակցականացնելու համար, այլ գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով դիվանագիտական փորձառություն չունեցողներին պաշտոններ տալու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի մայիսին դիվանագիտական փորձառությամբ մարդիկ  պետության ողնաշարին թիկունքից հարվածեցին։

«Ես 2018 թվականից հետո և՛ բուհական համակարգին, և՛ դիվանագիտական համակարգին, տվել եմ 100 տոկոսանոց ազատություն։ Ազատություն այն առումով, որ դիվանագիտական համակարգում քաղաքական նշանակումներ չենք արել, բայց, կներեք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսին տեղի ունեցած հանրահավաքում դրոշ էին բռնում կանգնում։ Այն, ինչպես պահեցին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, դա խայտառակություն է։ Երբ իրենք իրենց ձեռքով թղթեր էին զեկուցում ինձ, սակայն հրապարակային ասում էին, որ տեղյակ չէին այդ մասին։ Ո՞վ է ասում, որ այդ պահվածքն անարձագանք է մնալու։ Դեռ այս հարցերի հետևից շարունակելու ենք գնալ»,-ասաց ՀՀ վարչապետը։

Ինչ վերաբերում է պաշտոնյաներին սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ գնելուն, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեքենաները հին են, պարբերաբար խափանվում են և դրանց սպասարկման համար մեծ գումարներ են ծախսվում։

«Մեքենաներ ձեռք են բերվել նաև ինձ համար։ Մենք մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին ենք մնացել։ Ինձ համար դա խնդիր չէ, ես պարզությունը չեմ կորցրել, բայց 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան խափանվել է։ Այդ մեքենաները ձեռք են բերվել 2007 թվականին, ու դրանք նրա համար չեն, որ ինձ տեղից տեղ տեղափոխեն, այլ որ պետական պահպանության ծառայությունը իրականացնի օրենքով իր առջև դրված գործառույթները։ Նույնը տեղի է ունենում ԱԺ նախագահի դեպքում։ Տեսնում ենք, որ 2008 թվականին ձեռք բերված մեքենայի սպասարկման վրա ծախսվում են միլիոնավոր դրամներ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]