Քաղաքականություն

ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ՊՈԱԿ-ների ղեկավար նշանակվելու համար սահմանված պահանջներում փոփոխություններ են կատարվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 61 «կողմ», 26 «դեմ» ձայներ:

Գործող օրենքով սահմանված է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ, չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել էր, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորությունկընձեռի հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմնի ընտրությանը, ինչով նաև կընդլայնվի այդ ընտրության հնարավորությունը՝ առավել մասնագիտացված անձանց միջև:

Այսպիսով նախագծով սահմանվում է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն բարձրագույն կրթություն ունեցող, գործունակ, չափահաս քաղաքացին, ով ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Նախատեսվում է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակի ընդլայնում, ըստ էության, ժամկետային առումով՝ առավել խստացում»,-նշել էր փոխնախարարը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ չէին կատարվել:

Խորհրդարանական ընդդիմությունը նախագիծը համարել էր խնդրահարույց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում