Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների ֆինանսական բեռը կթեթևանա

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների ֆինանսական 
բեռը կթեթևանա

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունները երթուղին սպասարկելու համար իրավունք ստանալուց հետո պետական տուրք կվճարեն ոչ թե ամեն տարի, այլ ընդամենը մեկ անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հիշեցրեց, որ մինչև 2014 թվականը կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման  գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր: Լիցենզիան տրվում էր անժամկետ, որի համար սահմանված էր 100 հազար դրամ տարեկան պետական տուրք: 2014-ին իրականացված փոփոխության արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել է: Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար սահմանված է տարեկան պետական տուրք, իսկ հստակ ժամկետով գործունեություն իրականացնելու, լիցենզավորման կամ թույլտվության տրամադրման համար՝ մեկանգամյա տուրք ամբողջ ժամանակահատվածի համար: Նույն մոտեցումն է ցուցաբերվում կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է տարեկան պետական տուրքը փոխարինել սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով: Այսինքն` տուրքը կլինի ոչ թե տարեկան, այլ մեկանգամյա:

«Երբ կազմակերպությունը ստանում է թույլտվություն որոշակի ժամկետով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու, մուծում է 100 հազար դրամ պետական տուրք և այլևս չի վճարում»,-ասաց փոխնախարարը:

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ այսինքն, սրանով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ֆինանսական բեռը թեթևանո՞ւմ է:

Փոխնախարարը դրական պատասխան տվեց: Մրցութային կարգի համաձայն՝ ենթադրվում է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկումը կարող է իրականացվել միայն 10 տարի ժամկետով: Այսինքն` այն կազմակերպությունը, որ մրցութային կարգով կստանա իրավունք՝ սպասարկելու այս կամ երթուղին, այս օրենսդրական փոփոխությունների հետո կվճարի մեկ անգամ 100 հազար դրամ, այլ ոչ թե 10 անգամ 100 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am