Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Հայաստանը և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները

Հայաստանը և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսը և Հայաստանը երկկողմ առևտրի ծավալներն ավելացնելու ներուժ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Բելառուսի անտառային տնտեսության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժան:

«Մեր երկրների՝ Բելառուսի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հիմնական առաջնահերթությունները մեր պետությունների շուկաներում բելառուս և հայ փորձագետների դիրքերի ամրապնդումն է, ապրանքաբաշխիչ ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Ընդ որում, ընթացիկ տարվա արտաքին առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք պետք է զգալի ջանքեր գործադրենք երկկողմ առևտուրը վերականգնելու և ավելացնելու համար: Ընթացիկ տարվա հունվար – սեպտեմբերի արդյունքներով երկկողմ առևտրի աննշան աճ է եղել՝ 4,5 տոկոս: Կան զգալի պաշարներ, որոնք մեր երկրները պետք է օգտագործեն փոխադարձ առևտրի ծավալները լրջորեն ավելացնելու համար», - ասել է Վիտալի Դրոժժան:

Հանձնաժողովի համանախագահի խոսքով՝ ապրանքների ավանդական խմբերի մատակարարման ծավալների ավելացման հաշվին առևտրի զարգացման էքստենսիվ ճանապարհը գնալով սպառում է իրեն, ուստի հարկավոր է մտնել կոոպերատիվ նախագծերի ոլորտ:

Հայկական կողմից միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր հերթին նշել է, որ Բելառուսը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցելու մեծ ներուժ ունեն:

«Կան շատ հարցեր, որտեղ մեր հետաքրքրությունները համընկնում են և մենք կարող ենք համատեղ առաջ մղել այդ շահերը ԵԱՏՄ-ում: Կուզեի մատնանշել մեր փոխգործակցության հնարավորությունները միջազգային ասպարեզում: Օրինակ, երեկ մենք քննարկում էինք առևտրի հնարավորությունները Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ: Մեկ այլ կարևոր հանգամանք է Հայաստանի կառավարության ծրագրի կենսագործումը ենթակառուցվածքների և արդյունաբերության զարգացման մասով: Այդ ուղղությամբ բելառուսական ընկերությունները մեծ հնարավորություններ ունեն: Կոոպերատիվ նախագծերը հիմա առանձնահատուկ նշանակություն են ունենալու մեր երկրների համար», - ընդգծել է Վահան Քերոբյանը:

2021 թ. առաջին կիսամյակում Հայաստան Բելառուսի արտահանման հիմնական ապրանքներն են եղել կաթնամթերքը, կահույքը, տեղեկատվության ավտոմատ մշակման համակարգիչները և դեղերը։ Իր հերթին Բելառուսը Հայաստանից ներմուծում է ալկոհոլային խմիչքներ, պղնձի թափոններ ու ջարդոն և սպեցիֆիկ ապրանքներ: Բելառուսում հայկական ներդրումների աճ նկատվում է։ Առաջին կիսամյակի վերջին դրանց մուտքերի ծավալը տնտեսություն կազմել է 10,6 մլն դոլար (գումարած 16,4%)։ Բացի այդ, Բելառուսում գործում է հայկական կապիտալով 46 ձեռնարկություն, այդ թվում՝ 11 համատեղ ձեռնարկություններ և 35 արտասահմանյան կազմակերպություններ։

Միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ։ Այն ժամանակ ուրվագծվել էին այն նախագծերն ու ուղենիշերը, որոնք հնարավորություն տվեցին պահպանել երկկողմ համագործակցության դինամիկան համաճարակի դժվարին ժամանակահատվածում։ 2020 թվականի արդյունքներով երկկողմ առևտուրը կազմել է 82,3 միլիոն դոլար և 2019 թվականի համեմատ աճել է ավելի քան 13 տոկոսով։ Բելառուսից արտահանումը անցյալ տարի աճել է ավելի քան 9 տոկոսով՝ մինչև 57,5 մլն դոլար, դրական մնացորդը կազմել է 32,7 մլն դոլար։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]