Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ ԶՈՒ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ ԶՈՒ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ 
կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ Զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների առնչությամբ փաթեթը մանրակրկիտ կքննարկվի հանձնաժողովում, ինչից հետո՝ ԱԺ լիագումար նիստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ Պաշտպանության փոխնախարարին ուղղված հարցերին:

Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հետ կապված՝ ինքը գրություն է ուղարկել ՊՆ: «Ստացված պատասխանում նշվում է, որ ԳՇ-ն ամբողջական վերլուծությունը և ուսումնասիրությունը չի ավարտել, բայց հաջորդ նախադասությունում նշվում է, որ դրա արդյունքների հիման վրա այս պահին ԶՈՒ-ում կառուցվածքային փոփոխություններ և բարեփոխումներ են իրականացվում: Այսինքն՝ ստացվում է, որ չավարտված ուսումնասիրությունների հիման վրա իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ և ռեֆորմներ»,- ասաց պատգամավորն ու հարցրեց, թե ինչու՞ բարեփոխումների գործընթացը որևէ ձևով հրապարակման ենթակա չէ:

Ըստ նրա՝ նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովը պետք է մաս կազմի այդ փոփոխությունների քննարկումներին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց: «Հանձնաժողովն այդ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ քննարկելու է, օրենսդրական հարցեր կան, որ առանց հանձնաժողովի չեն կարող ընդունվել: Կառուցվածքային բարեփոխումների փաթեթը պարտադիր պետք է այս հանձնաժողովով անցնի և գա ԱԺ, որ սկսվի դրա իրավական գործընթացը»,- նշեց Քոչարյանը:

Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ է պաշտպանության նախարարը ոչ նպատակահարմար համարել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամի՝ այսինքն իր այցը առաջնագիծ:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով պատգամավորի մերժմանը, նշեց. «Պատասխանում ամեն ինչ կա: Ձեզ կատեգորիկ մերժման պատասխան չի տրվել, ներկա փուլում գտնվել է ոչ նպատակահարմար: Իսկ դրա պատասխանն ունեն ԶՈՒ-ն, ԳՇ-ն, վստահ եմ, որ վերլուծության գնահատման արդյունքում է Ձեզ տրվել այդ պատասխանը: Եվ ինչ-որ փուլում, երբ կգտնվի նպատակահարմար, բնականաբար, Ձեզ հնարավորություն կտրվի ուսումնասիրել նշված տեղամասը»,- ասաց նա:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]