Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային արխիվը մասնակցել է Լենինգրադի բլոկադային նվիրված առցանց միջտարածաշրջանային կոնֆերանսի

Հայաստանի ազգային արխիվը մասնակցել է Լենինգրադի բլոկադային նվիրված 
առցանց միջտարածաշրջանային կոնֆերանսի

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանը սեպտեմբերի 29-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Լենինգրադի բլոկադան ՌԴ և ԱՊՀ երկրների պետական արխիվների փաստաթղթերում» միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային արխիվից։

««Պատմում են արխիվները…» նախագծի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում անցկացվող կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի տարածաշրջանների արխիվային հիմնարկությունների, թանգարանների, գրադարանների, ազգային-մշակութային և պատմալուսավորչական կազմակերպությունների ղեկավարներ: Հայաստանի ներկայացուցիչը մասնակիցներից միակն էր, ով ներկայացնում էր արտերկիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաբկեն Սահակյանը  նախ  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանի անունից ողջունել է կոնֆերանսի  մասնակիցներին, նրանց մաղթել  բեղմնավոր աշխատանք, ապա  խոսել Հայաստանի ազգային արխիվում պահվող և Լենինգրադի բլոկադային առնչվող փաստաթղթերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից հարյուր-հազարավոր հայ ռազմիկներ մեկնեցին ճակատ՝ մարդկությանը ֆաշիստական գերությունից ազատելու համար,- նշել է Բաբկեն Սահակյանը: Ընդհանուր առմամբ, Հայրենական պատերազմին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ: Զինվորական հրամանատարական կազմում հայերը թվով չորրորդն էին (1079)՝ ռուսներից, ուկրաինացիներից ու բելառուսներից հետո»,-ասել է բանախոսը: 

Ըստ աղբյուրի՝ Լենինգրադի հերոսական պաշտպանությունը, ինչպես նշել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանը, ՀՄՊ-ի ամենանշանակալի իրադարձություններից մեկն էր, որը դարձավ խորհրդային ժողովուրդների միասնության և խիզախության պայծառ օրինակ: Այդ մարտերին հերոսաբար մասնակցեցին նաև հազարավոր հայ զինվորներ: Նրանցից շատերը լենինգրադյան ռազմաճակատում ընկան հերոսի մահով:

Առանձնապես աչքի ընկած մեր հայրենակիցներից նա հիշել է Պաշտպանության պետական կոմիտեի անդամ Անաստաս Միկոյանին, ով հանձն էր առել պաշարված քաղաքը պարենով ապահովելու դժվարագույն խնդրի լուծումը, աշխարհահռչակ արևելագետ Հովսեփ Օրբելուն, ով կազմակերպում էր Էրմիտաժի հիրավի անգին թանգարանային ցուցանմուշների էվակուացիան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովին, ով Լենինգրադը պաշտպանում էր Բալթիկ ծովում և քաջարի օդաչու Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին: 

 «Ընդհանուր առմամբ, Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է  շուրջ 30 հազար հայ ռազմիկ: Նրանցից 10 հազարը զոհվել է, այդ թվում՝ Խորհրդային Միության հերոսի կոչմանը հետմահու արժանացած՝ 416-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար Ղազար Չափչախյանը»,- ընդգծել է Սահակյանը՝ ամփոփելով. « «Բոլորն իրենց անգնահատելի ավանդն ունեցան Լենինգրադի պաշտպանության և հերոս քաղաքը թշնամուց վերջնականապես ազատագրելու սրբազան գործում»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am