Սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը՝ մարզում այս տարի կարտոֆիլի ցանքերը կազմել են 7 720 հեկտար։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ արդեն կատարվել է շուրջ 2 700 հեկտարի բերքահավաք։ Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 170-180 ցենտներ։
«Նախորդ տարվա համեմատ այս տարի կարտոֆիլի ցանքերը պակաս են եղել 268 հեկտարով։ Առանձին տեղերում, որտեղ կիրառվել է ցանքաշրջանառություն, ապահովվել է բարձր բերքատվություն՝ մինչեւ 300-350 ցենտների չափով։ Բայց դա քիչ տոկոս է կազմում ընդհանուր ցանքերի մեջ։ Կարտոֆիլի բերքահավաքը կավարտվի մինչեւ հոկտեմբերի առաջին կեսը»,- նշեց Մարտին Պետրոսյանը։
Խոսրով Խլղաթյան