Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք

Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից՝ մանրամասնելով, որ սույն թվականի սեպտեմբերի 25-ին սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և ռուսերեն լեզվով շեշտում, որ գտնվում է Խանքենդիում։

Ազգային անվտանգության ծառայության և ԱՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ, 2000թ․ ծնված Մ․ Ա․-ն, ով ԱՀ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Միաժամանակ, Ազգային անվտանգության ծառայությունից նշում են, որ ակնկալում են նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Արցախի Հանրապետության:

ԱԱԾ-ն նաև հորդորում է սոցիալական ցանցերում և այլ հարթակներում չտրվել հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից ուղղորդված ապատեղեկատվությանը և վախի մթնոլորտ ստեղծելուն ուղղված նյութերին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]