Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ    

Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ

 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի հետ կապված խնդիրները լուծելու, ե՛ւ շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու, այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատարների երթևեկը խոչընդոտելու դեպքերին:

«Մենք երկու ուղղությամբ էլ հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ե՛ւ խնդրի լուծման, ե՛ւ այլընտրանքային լուծումներ գտնելու իմաստով: Կարծում եմ՝ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ինտենսիվ կշարունակվեն, և, ի վերջո, ինչ-որ լուծում կգտնենք այդ խնդրին: Եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք՝ դա, իհարկե, շատ լավ լուծում կլինի, որովհետև այն կբալանսավորի իրավիճակը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ Սյունիքի ճանապարհների ենթակառուցվածքային լուծումը ենթադրում է անվտանգության և այլ բնույթի ռիսկերի մեղմում, ինչպես նաև՝ տեխնիկական լուծումներ, որոնք ավելի ապահով կդարձնեն երթևեկությունը, մինչև վերջնական լուծում տրվի մնացած բոլոր խնդիրներին:

«Բոլոր ճանապարհները պետք է լինեն և լիարժեք գործեն: Դա մեր ցանկությունն է և նպատակը»,- ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Սեպտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանական Հանրապետության ոստիկանությունը Որոտան բնակավայրի մոտ, միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը: Հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները նաև գումար են գանձում իրանական բեռնատարների վարորդներից: Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարեց, որ ճանապարհների խոչընդոտների վերացումը օրակարգային է Իրանի համար: Ըստ հայտարարության՝ Իրանը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և հետամուտ է լինելու հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին:

Խնդիրները Սյունիքի մարզով անցնող միջպետական ճանապարհին սրվել էին օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական զինուժը փակել էր Կապան-Գորիս ճանապարհի՝ պատերազմից հետո իր հսկողության տակ անցած Կարմրաքար-Շուռնուխ և Գորիս-Որոտան հատվածները:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]