Մշակույթ

Հունական Ալեքսանդրուպոլիսում կցուցադրվեն հայ և հույն երեխաների 40 լավագույն նկարները

2 րոպեի ընթերցում

Հունական Ալեքսանդրուպոլիսում կցուցադրվեն հայ և հույն երեխաների 40 լավագույն նկարները

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նկարիչների միությունում «Հին հունական դիցաբանությունը` մանկական աչքերով» խորագրով ցուցահանդես-մրցույթում ներկայացվեցին հայ և հույն երեխաների 80 նկարները։ Հայաստանի վաստակավոր նկարիչ, միջոցառման կազմակերպիչ Աննա Հարությունյանը նշեց, որ փոքրիկների համար հին հունական դիցաբանությունը ոչ միայն հետաքրքիր պատմությունների շարան է, այլ նաև ներշնչանքի առատ աղբյուր՝ ստեղծագործելու համար։

«Ժյուրին 80 նկարներից ընտրել է 40 լավագույն ստեղծագործությունները, որոնք կուղարկվեն Հունաստան՝ Ալեքսանդրուպոլիս։ Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետարանը կտրամադրի մեզ սրահ ցուցահանդես կազմակերպելու համար։ Այնտեղ մեզ կմիանան նաև հայ համայնքի երեխաները, որոնց արդեն իսկ առաջադրանք ենք տվել ստեղծագործելու համար։ Մրցույթին կընտրենք լավագույն 20 նկարները և հեղինակներին կշնորհենք դիպլոմներ, մեդալներ և հատուկ մրցանակներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Հայաստանի վաստակավոր նկարիչը նշեց, որ ցուցահանդեսում մասնակցել են հայ և հույն երեխաներ Հայաստանի տարբեր մարզերի արվեստի դպրոցներից՝ Երևանից, Գյումրիից, Դիլիջանից, Սպիտակից, Վանաձորից, Նոյեմբերյանից և այլն։

«Թեման ուսուցողական է, և երեխաները շատ խորը ուսումնասիրել են հունական լեգենդները։ Բոլոր երեխաները փայլուն ձևով կարողացել են այդ ամբողջը ու նկարել»,- ասաց Հարությունյանը։

Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը նշեց, որ հայ և հույն երեխաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հին հունական դիցաբանության նկատմամբ։

«Այս միջոցառումը խորհրդանշում է երեխաների սերը հին հունական դիցաբանության նկատմամբ։ Հայաստանը և Հունաստանը պատմության, կրոնի, մշակույթի ընդհանուր կապեր ունեն։ Դարերի խորքից եկող հարաբերությունները շարունակում են մինչ օրս»,- եզրափակեց Տուրնակիսը։

Ցուցահանդես-մրցույթը կազմակերպեցին Հայաստանի հունական համայնքների միությունն ու «TOTAL ART» կազմակերպությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում