Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ ղեկավարները այցելեցին Սոթքի և Կութի դպրոցներ և աշակերտներին գրենական պիտույքներ նվիրեցին

ԿԳՄՍՆ ղեկավարները այցելեցին Սոթքի և Կութի դպրոցներ և աշակերտներին գրենական 
պիտույքներ նվիրեցին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Գիտության և դպրության օրվա առթիվ այցելեցին Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղերի միջնակարգ դպրոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու ուսումնական հաստատությունն էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և կրել վնասներ: Գեղարքունիքի մարզպետարանի և բարերարների աջակցությամբ դպրոցներում կատարվել են վնասների վերականգնման աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են նոր պատուհաններ, փոխվել են ապակիները: Դումանյանը դպրոցներում առաջին դասարանցիներին և մի քանի այլ աշակերտների գրենական պիտույքներ նվիրեց:

ԿԳՄՍ նախարարը դպրոցականներին հորդորեց լավ սովորել, քանի որ հենց իրենք են ապահովելու երկրի ապագան: «Բոլորդ պետք է լավ սովորեք, լսեք ուսուցչին, որպեսզի դառնաք հզոր: Գիտելիքն ամենամեծ ուժն է»,- դիմելով երեխաներին՝ նշեց Դումանյանը: Առաջին դասարանցիները նաև բանաստեղծություններ արտասանեցին, որոնք մեկ օրում էին սովորել իրենց ուսուցչի ղեկավարությամբ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Երեկ առաջին անգամ դպրոց եմ եկել ու չեմ լացել: Ես լավ եմ սովորելու, որ մեծանամ ու լավ մասնագետ դառնամ (չցանկացավ բարձրաձայնել, թե ինչ մասնագիտություն է ցանկանում ձեռք բերել – հեղ.): Տանը հաշվել եմ սովորել, մինչև 200-ը կարողանում եմ հաշվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց աշակերտներից մեկը՝ Էնջլը: Սոթքի միջնակարգ դպրոցում 2021-2022 ուսումնական տարում սովորելու է 18 աշակերտ, իսկ ընդհանուր առմամբ սովորում է 169 հոգի: Դպրոցին կից գործող նախակրթարան էլ հաճախում է 15 սան:

Լրագրողների հետ Սոթք գյուղում անվտանգության մասին խոսելով՝ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նշեց, որ դպրոցն այդտեղ անմիջապես նշանառության տակ է ու ծնողների մտավախությունը, որ երեխաներին վախենում են դպրոց ուղարկել, տեղին է: «Մեր դպրոցը հայտնված է անմիջապես ադրբեջանական դիտակետի տակ՝ չնայած որ մոտ 7-8 կմ հեռավորության վրա են նրանց դիրքերը: Ադրբեջանցիները շատ վատ և անբարոյական թշնամիներ են, և չգիտենք, թե ինչ կարող է լինել»,- ասաց Ավետյանը և հավելեց, որ չնայած այդ ամենին, իրենց համայնքի բոլոր գյուղերի երեխաները պետք է լավ սովորեն, գիտելիքներ ստանան ու ճանաչված մարդիկ դառնան:

Կութ գյուղի միջնակարգ դպրոցը, որ նույնպես գտնվում է թշնամու անմիջական նշանառության տակ, ունի 21 աշակերտ: Կութի դպրոցի տնօրեն Աղվան Կոստանյանը նշեց, որ 21 աշակերտից 1-ն է առաջին դասարանցի: «Մեր դպրոցում այս տարի աշակերտներն ավելացել են երեքով՝ մեկ առաջին և երկու տասներորդ դասարանցիներով: Վերջիններս եկել են հարևան Ազատ գյուղից: Մեր դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով կառուցվել է նոր խոհանոց և ճաշարան, դեռ ընթացիկ աշխատանքներ կան»,- նշեց Կոստանյանը և հավելեց, որ սնունդն ապահովելու են 1-4 դասարանների աշակերտներին: Կութի դպրոցի միակ առաջին դասարանցի, քչախոս, ամաչկոտ, բայց ժպտերես Ժիրայր Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նա որոշել է ոստիկան դառնալ: «Լավ կսովորեմ ու կդառնամ ոստիկան: Մինչև 19-ը հաշվել գիտեմ»,- ասաց Ժիրայրը: Հարցին, թե սիրած աղջիկ ունի՞, արդյոք, փոքրիկը բացասական պատասխան տվեց:

Նախարար Դումանյանը շրջեց երկու դպրոցում էլ, ծանոթացավ պայմաններին, խոսեց նաև այլ դասարանների աշակերտների հետ:

Գեղարքունիքի մարզում 2021-2022 ուսումնական տարում դպրոց է հաճախում ընդհանուր առմամբ շուրջ 1900 երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am