Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Արդարության սպասելով. Եզդիները ցեղասպանության հարցով պատրաստվում են դիմել միջազգային դատարան

Արդարության սպասելով. Եզդիները ցեղասպանության հարցով պատրաստվում են դիմել 
միջազգային դատարան

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականին Շանգալում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության հարցը կներկայացվի միջազգային դատարանում: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ փաստաբանների, եվրոպացի գործիչների հետ համագործակցությամբ, տարիներ շարունակ իրականացվում  է փաստահավաք աշխատանք՝ մեկ փաթեթում ներկայացնելով եզդիների ցեղասպանության հետ կապված յուրաքանչյուր դետալ:

«2014 թվականին Շանգալում մի ամբողջ ժողովուրդ ենթարկվեց ցեղասպանության: Խմբակային սպանություններ, ոճրագործություն, որը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ 21-րդ դարում: Մոտ 400 հազար եզդի դարձավ փախստական, արձանագրվեց եզդի երեխաների առևանգում, սեռական ոտնձգություն եզդի կանանց նկատմամբ»,-ասաց Խդր Հաջոյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ արձագանքեց ԱՄՆ-ը, որը թիրախավորված օդային հարվածներ հասցրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին:

Եզդիների ցեղասպանությանն անդրադարձել ու ճանաչել են մի շարք միջազգային կազմակերպություններ, պետություններ, այդ թվում, Հայաստանը: Եզդիական համայնքը շարունակելու է ցեղասպանության ճանաչման գործընթացը: Միջազգային դատարան դիմելով, նրանք ցանկանում են, որ ոչ միայն դատապարտվի եզդիների ցեղասպանությունը, այլև քայլեր ձեռնարկվեն հանցագործությունները կատարողներին նույնականացնելու ուղղությամբ ու նրանք պատասխանատվության ենթարկվեն: Խդր Հաջոյանն ընդգծեց, որ սա համամարդկային հանցագործություն է, և պետք է հետամուտ լինել արդարության վերականգնմանը:

«Ես հորդորով դիմում եմ միջազգային հանրությանը՝ մենք պետք է տեսնենք իրապես ցեղասպանությունը կանխարգելող գործողություններ: Այո, Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտվեց, և մենք մեր աչքի առաջ տեսանք նոր ցեղասպանություններ»,-ասաց նա:

Եզդիների ցեղասպանությունից հետո Սիրիայում ու Իրաքում ձևավորվել են ճամբարներ, որտեղ ժամանակավոր բնակվում են փրկված, փախստականի ճանապարհը բռնած եզդիները: Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ այսօր էլ այնտեղ մտահոգիչ իրավիճակ է: Վերջերս ճամբարներից մեկում բռնկված հրդեհն այդ մասին է վկայում: Հումանիտար խնդիրները բազմաթիվ են՝ անվտանգություն, համաճարակային իրավիճակ, սննդի պակաս, անբարենպաստ պայմաններ:

«Այսօր եզդիների վերադարձն իրենց բնակավայր խոչընդոտվում է, և այստեղ կա Թուրքիայի ձեռագիրը: Դա հենց այնպես չի արվում, մենք կարծում ենք, որ ծրագրված է: Միջազգային կազմակերպությունները պահանջում են այնտեղ ապահովել եզդիների կոնկրետ թիվ, որը հիմք կլինի իրավական կարգավիճակ ստանալու գործընթացի համար: Եվ դա չլինելու համար Թուրքիան տարբեր գործողություններով վախի մթնոլորտ է ձևավորում, որ եզդիները չվերադառնան Սինջար»,-ասաց Շեյխ Բրո Հասանյանը:

Միջազգային դատարան դիմելու նպատակն է, ոչ միայն հասնել կատարվածի դատապարտմանը, հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն, այլև  ակնկալում են հասնել Շանգալին ինքնավար մարզի կարգավիճակ տալուն կամ այդ հատվածում անվտանգության գոտի ստեղծելուն: Եզդիները, դատարան դիմելով, ակնկալում են հասնել նաև նրան, որ միջազգային կառույցներում ունենան ներկայացուցիչներ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]