Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումն ուղերձ է, որ ՀՀ-ն ձեռքերն Արցախից չի լվացել. Վանեցյան

Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումն ուղերձ է, որ ՀՀ-ն ձեռքերն Արցախից չի 
լվացել. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իրենց նախաձեռնած Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը համարում է ուղերձ միջազգային ողջ հանրությանը, որ Հայաստանն Արցախից ձեռքերը չի լվացել, Արցախում ապրող ժողովրդի մասին չի մոռացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանեցյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով իրենց նախաձեռնությանը:

«44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախում և ՀՀ-ում ստեղծված օրհասական իրավիճակը պարզապես թելադրում է մեզ ունենալ երկրորդ հակական պետության խնդիրներով զբաղվող, մշտապես գործող խորհրդարանական միավոր: Արցախի հետ կապված հարցերը՝ այդ թվում բանակցային, կտրուկ ավելացել են: Այդ հարցերն ընդգրկում են անվտանգային և արտաքին քաղաքական բաղադրիչները, բայց նաև ներառում են հոգևոր, մշակութային, սոցիալական, կրթական և բազում այլ հարցեր: Նման հանձնաժողովի ստեղծումը, սակայն, միայն բովանդակային գործառութային նպատակահարմարության հարց չէ, սա նաև հստակ քաղաքական ուղերձ է՝ իր ապագայով մտահոգ արցախահայությանը, սրտացավ աշխարհասփյուռ հայրենակիցներին, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը»,- ասաց Վանեցյանը:

Նա շեշտեց՝ հանձնաժողովի ստեղծումն ուղերձ է այն մասին, որ Հայաստանն Արցախի մասին չի մոռացել, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերն Արցախից չի լվացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց: Խմբակցության ղեկավարը հավելեց՝ մշտական հանձնաժողովի կառուցվածքն արտացոլում է նաև տվյալ ժամանակաշրջանի քաղաքական նպատակահարմարությունները և առաջնահերթությունները, գերակայությունները, հեռանկարը՝ հիշեցնելով, որ նման տրամաբանությամբ են ժամանակին ստեղծվել եվրոպական և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովները:

Անդրադառնալով դիտարկումներին, որ Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ձևավորելու կարիք չկա, քանի որ մնացած բոլոր հանձնաժողովները զբաղվում են Արցախի հետ կապված հարցերով՝ Վանեցյանը հիշեցրեց, որ նման հանձնաժողով ժամանակին եղել է խորհրդարանում. Գերագույն խորհրդի կազմում գործել է ոչ մշտական, բայց ժամանակավոր կարգավիճակ ունեցող հանձնաժողով, որը զբաղվել է Արցախի հարցերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am