Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը

Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը 
պետք է տրվի ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գործունեությունն արդյունավետ կհամարի, եթե այն տրվի ընդդիմությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նիստում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Գեղամ Նազարյանի հարցին, թե արդյոք չի՞ համարում, որ մի շարք հարցերի պատասխաններ տալու համար պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով:

Օհանյանը հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդդիմությունը միշտ արտահայտել է, այն եղել է ինչպես «Հայրենիքի փրկության շարժման», այնպես էլ «Հայաստան» դաշինքի ծրագրերում: «Դա առաջինը ընդդիմության գաղափարն է եղել»,- ասաց նա:

Անդրադառնալով իշխանական թևի կողմից քննիչ հանձնաժողով ստեղծելու արտահայտած մտքին՝ նա հավելեց, որ իշխանական թևն ամբողջությամբ ունի այն գործիքակազմը, որը կարող է գործադրել և քննել: Օհանյանը շեշտեց, որ Ապրիլյան պատերազմի ավարտից անմիջապես հետո ՊՆ-ում ստեղծել է քննիչ հանձնաժողով, որն ամբողջությամբ վեր է հանել նյութերը, որոնք հիմք են հանդիսացել հենց ԱԺ-ում քննիչ հանձնաժողովում քննարկելու համար:

«Կարծում եմ, որ բավականին մեծ քանակությամբ խնդիրներ, հարցեր կան՝ վերաբերող պետական կառավարման համակարգին, գլխավոր հրամանատարի, ռազմակայանի գործունեությանը և այլն: Այդ հանձնաժողովը կարող է լիարժեք գործել և ամբողջությամբ բացահայտել և´ դրական, և´ բացասական կողմերը, եթե այդ հանձնաժողովը տրվի ընդդիմությանը, հակառակ դեպքում ես չեմ կարծում, թե ամբողջությամբ կգան այն մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեն և պատասխանեն բոլոր հարցերին»,- ասաց Օհանյանը:

Եթե այդպես չլինի, ապա ընդդիմությունը փաստահավաք խումբ ստեղծելու նախաձեռնություն կանի, որտեղ, Օհանյանի կարծիքով, համաչափ մասնակցությունը կապահովի լիարժեք քննություն:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ իշխանությունը նախատեսում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]