Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել 
է. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում գտնվում են ապօրինաբար, Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Կազմակերպության գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը նշեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանին  հանձնվել են տարածքներ՝ Հին թաղերը, Խծաբերդը, Դիզափայտ լեռը: Աբրահամյանը հետաքրքրվեց՝ երբ այսօր ՀՀ սահմանին որոշակի ռիսկեր են դրսևորվում, պատերազմի սպառնալիքի անվան կամ հիմնավորման տակ նոր տարածքներ չե՞ն հանձնվելու Ադրբեջանին:

Ռուբինյանը նախ շեշտեց, որ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը չեն հանձնվել: «Դրանք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ ադրբեջանական հարձակման արդյունքում ապօրինաբար գրավվել են»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին հարակից հատվածներին՝ Ռուբինյանն ասաց. «Պետական, միջազգային ճանաչված սահմանված սահմանը միայն գիծ չէ, այն որոշակի երաշխիք է: Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում Կովսականի շրջանում, մեկ այլ բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին Հայկական ԽՍՀ սահմաններում: Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմաններին, և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի սահմանը:

Աբրահամյանն արձագանքեց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ապօրինաբար անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի տարբեր հատվածներ՝ պաշտոնական տեղեկատվությամբ մինչև 3.5 կմ խորությամբ: «Այս պահին այդ տարածքները բռնազավթման կարգավիճակով են: Եվ այս պահի դրությամբ դրա կարգավորման համար պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել: Ձեր ասած հիմնավորմամբ՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել և զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք նրանով, որ դա չէիք ցանկանում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,- ասաց նա:

«Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան: Մեր վերլուծությունն այն է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը: Եվ մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը: Եվ մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ ՌԴ-ն, կիսում են մեր դիրքորոշումը՝ նաև սահմանային կոնկրետ կետերի վերաբերյալ, և մենք գնալու ենք առաջ այս ուղղությամբ»,- պատասխանեց Ռուբինյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am