Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Վահրամ Դումանյանն ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին

Վահրամ Դումանյանն ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի 
գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, կենտրոնի աշխատակիցները նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են Ազատության պողոտային հարակից ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրի վերաբերյալ իրենց մտահոգությունները: Նրանց կարծիքով՝ նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են:

Ըստ աղբյուրի՝ Վահրամ Դումանյանը, կարևորելով բովանդակային քննարկումների անցկացումը և անկախ տարակարծություններից՝ բարեկրթության մթնոլորտի պահպանումը, պատասխանել է հնչած մտահոգություններին. «Մշտապես պատրաստ ենք ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների, բայց բարձրաձայնված հարցերը պետք է առնչվեն ԿԳՄՍ նախարարության գործառույթներին, լինեն մեր իրավասության շրջանակում: Նույնն ակնկալում եմ այս քննարկումից: Ծանոթ եմ բարձրացված հարցին, և պետք է հստակ արձանագրենք, որ քննարկումների առիթ դարձած տարածքը, որտեղ նախատեսվում են շինարարական աշխատանքներ, տարիներ առաջ վաճառվել է մասնավոր հատվածի»:

Արձագանքելով ներկաների մտահոգությանը, թե քիմիական մասնաշենքերի հատվածում բնակելի համալիրի կառուցումը վտանգելու է ինստիտուտի լինելիությունը, Վահրամ Դումանյանը նշել է. «Հարցը պետք չէ կապել պետության՝ գիտության նկատմամբ վերաբերմունքի և ոլորտի զարգացման շուրջ ունեցած տեսլականի հետ: Բնավ կասկածի տակ չեմ դնում ձեր գործունեության արդյունավետությունը, բայց և համոզված եմ, որ Հայաստանում գիտության և մասնավորապես օրգանական և դեղագործական քիմիայի զարգացմանն առնչվող խնդիրներն առավել խորքային են և շենք կառուցել-չկառուցելու հարցի հետ աղերս չունեն: Որպես գիտնական՝ համակարծիք չեմ ձեր այն պնդման հետ, որ «եթե այդ շենքը կառուցվի, քիմիան Հայաստանից կվերանա»: Եկե՛ք հարցերը և դրանց ակունքները ճիշտ սահմանենք, այդ դեպքում լուծումներն էլ հեշտ կգտնվեն»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ, ամփոփելով հանդիպումը, Վահրամ Դումանյանն առաջիկայում ևս նմանօրինակ քննարկումներ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]