Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Սերգեյ Սմբատյանը ձեռքբերում է համարում Սիմֆոնիկ նվագախմբի տարածքին վերաբերող հանրային քննարկումը

Սերգեյ Սմբատյանը ձեռքբերում է համարում Սիմֆոնիկ նվագախմբի տարածքին 
վերաբերող հանրային քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը 2021 թվականին տոնում է հիմնադրման 15-ամյակը, տարիներ շարունակ չի ունեցել տարածք ստեղծագործական լայնածավալ գործունեություն իրականացնելու համար: Չնայած դրան՝ հաջողությունների է հասել, մեծ ձեռքբերումներ ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում  փաստին, որ գուցե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նվագախմբին տրամադրի Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը: 

«Ներկայացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շահերը՝ պետք է հիշեցնեմ, որ նվագախումբը 15 տարի չունի փորձատեղի:  Մենք ապացուցում ենք, որ նվագախումբն առանց կենցաղային պայմանների ստեղծում է արժեք 15 տարի շարունակ համերգների, ձայնագրությունների, թե այլ տեսքով: Այն բովանդակային ձեռքբերումներ ունի: Մենք ունենք պետություն, որը բաց տիրույթում ասում է, թե ինչն է կարևորվում և թե ինչ մտադրություններ ունի: Ես իրավասու չեմ խոսել այլ կոլեկտիվների խնդիրների մասին, գիտեմ, որ մենք ունենք թիմ, ունենք նվագախումբ, որն իր  խնդիրը բարձրաձայնում է 15 տարի շարունակ: Չեմ փորձում պետության շահերը ներկայացնել: Ներկայացնում եմ նվագախմբի շահերը»,- շեշտեց Սմբատյանը: 

Նրա խոսքով՝ նվագախումբը բարդ մեխանիզմ է. այն պետք է ունենա տարածք, որտեղ հնչողության նվազագույն պայմաններ լինեն: 

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը նշեց՝ ամեն անգամ տարբեր տարածքներում փորձեր անելով՝ ունենում են որակի անկում, ինչն իրենց համար ռիսկային է: «Մեր հաջողությունները մեր որակն են: Եթե մենք որակազրկվենք, անցյալով կխոսենք նվագախմբի մասին, ուստի ուրախ եմ, որ ինչ-որ քայլ է արվում, և պետությունը գիտակցում է, որ նվագախմբին քաղաքակիրթ պայմաններ են հարկավոր երաժշտական գործունեություն ծավալելու համար»,- ասաց դիրիժորը: 

Սմբատյանը պատրաստ չէ խոսել տարածքի մասին, պարզապես ևս մեկ անգամ շեշտում է, որ նվագախմբին պետք է աշխատելու հարթակ: 

Նա հիշեցրեց, որ 15 տարի աշխատել են՝ տարածքը կիսելով տարբեր կոլեկտիվների հետ: «Այն, որ այժմ կա նվագախմբի տարածքին վերաբերող հանրային քննարկում, արդեն իսկ ձեռքբերում է»,- եզրափակեց Սերգեյ Սմբատյանը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել էր, որ նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ: Նա չէր բացառել, որ այդ դեպքում Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: 

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]