Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Պարոնյանի թատրոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է Պետական կամերային երաժշտական 
թատրոնը միավորել Պարոնյանի թատրոնին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցնում է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով:

 «Արմենպրես»թղթակցի հետ զրույցում Խզմալյանը հիշեցրեց՝ երբ նոր էր ստանձնել փոխնախարարի պարտականությունները, խոստացել է, որ որևէ հարց գաղտնի չի լուծվելու կամ կարգավորվելու, և որևէ հարց իր սենյակի պատերի ներսում չի որոշվելու, այսինքն՝  մինչև ՀՀ կառավարության այս կամ այն հարցի շուրջ որոշում կայացնելը ոլորտի ներկայացուցիչները տեղեկացված են լինելու այդ մասին:

«Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով՝ վերջերս նախարարություն հրավիրեցի մասնագետների, երկու թատրոնների տնօրեններին և խնդրեցի՝ նրանք կոլեկտիվներին փոխանցեն՝ կա դիրքորոշում այն մասին, որ Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական անձնակազմը պետք է միանա Պարոնյանի թատրոնի ստեղծագործական անձնակազմին երկու հիմնական պատճառով: Առաջինը մասնագիտական է: Չունենալով պրոֆեսիոնալ նվագախումբ, երգչախումբ, չեմ խոսում պարային խմբի մասին՝ խոսել երաժշտական թատրոնի մասին առնվազն անլուրջ է, իսկ Պարոնյանի թատրոնն ունի այդ ամենը: Պետական կամերային երաժշտական թատրոնն իր կանոնադրական խնդիրները շատ ավելի լիարժեք կիրականացնի Պարոնյանի թատրոնի բազայի հիման վրա»,-շեշտեց Խզմալյանը:

Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու:

Անդրադառնալով հաջորդ պատճառին՝ Արա Խզմալյանը հիշեցրեց, որ Հայաստանում կան պետական կարգավիճակ ունեցող բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք բառացիորեն փողոցում են, դեգերում են մի տեղից մյուսը: «Կարող եք գնալ և տեսնել, թե  «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ»-ը ինչ պայմաններում է աշխատում: Փորձերն անցկացնում են Ֆիլհարմոնիկի նկուղներում, կամ Հայաստանի պարի պետական համույթը: Այդպես թվարկելով՝ կարող ենք առաջ գնալ և այս ամենի գագաթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացարձակ փողոցում լինելու հանգամանքն է: Ամեն օր ես զբաղվում եմ Սիմֆոնիկ նվագախմբի փորձերի խնդիրը կարգավորելով. խնդրում եմ Հայաստանի ազգայինի ֆիլհարմոնիկ նվագախմբին, օպերային թատրոնին, կոնսերվատորիային, որ այսօր մեր ամենաստեղծարար, ակտիվ գործող, պետական կարգավիճակ ունեցող Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա իր փորձերի շարունակականությունն ապահովել: Գիտեք, թե ինչ տնտեսական վիճակ է. պետությունն առաջիկա տարիներին չի ունենալու այնքան ռեսուրս, որ կարողանա նոր համերգասրահ կառուցել և հոգալ Սիմֆոնիկ նվագախմբի խնդիրը, լուծել պարային համույթների հարցը և այլն: «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ը ևս իր տարածքը չունի ու վարձակալում է: Մենք պետք է գնանք եղած ռեսուրսների օպտիմալ և ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհով»,-ընդգծեց նա:

Խզմալյանը ոչ մի ողբերգություն չի տեսնում, երբ մի ստեղծագործական կազմը միանում է մեկ այլ ստեղծագործական կազմի: «21-րդ դարում խոսել այն մասին, որ թատրոնը մեր տունն է, տաճար է, սրբավայր է և այլն, ծիծաղելի է: Սրանք անախրոնիկ դատողություններ են, որովհետև յուրաքանչյուր դերասան պետք է հասկանա, որ ինքը ծառայություններ է մատուցում պետությանը և աշխատավարձ է ստանում  դրա համար:  Կարծում եմ՝ հին, 19-րդ դարի տերմինաբանությամբ այլևս պետք չէ խոսել թատրոնի մասին: Մենք պետք է կարողանանք տրամաբանված կարգավորել հարցը, որ Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա շարունակել իր ամենօրյա փորձերը, տաղանդավոր մարդիկ չմնան դրսում, այսինքն՝ մենք կրճատման ու բյուջեի հարց չենք լուծում, հակառակը՝ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում պրոֆեսիոնալ գործունեության համար և գնալու ենք այդ քայլին՝ անկախ այդ խմբերի արձագանքներից ու քմահաճույքից, որովհետև վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»,-հավաստիացրեց փոխնախարարը:

Ըստ Խզմալյանի՝ այդ հարցը կարող է շահարկումների առարկա դառնալ, և հնարավոր է՝ խոսվի այն մասին, թե մասսայաբար պետք է թատրոններ փակվեն և այլն: Նա վստահեցրեց, որ նման օրակարգ կառավարությունը չունի, նախարարությունը չունի, և ինքը խոսում է եզակի, բացառիկ դեպքերի մասին:

Նախարարի տեղակալը խոսեց նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Հայկ» փաստավավերագրական կինոստուդիայի մասին՝ շեշտելով, որ երկուսն էլ համանման գործունեություն են ծավալում: «Ինչո՞ւ մենք չենք կարող միավորել և մեկ կառույցի մեջ ապահովել և՛ փաստավավերագրական ֆիլմերի արտադրությունը, և՛ խաղարկային ու այլ ֆիլմերի: Արհեստական  բաժանում եմ համարում սա: Մենք ունենք նախադեպեր. նախորդ տարի Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնը միավորեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիային, որովհետև հայտնվում էին փողոցում, իսկ այսօր գոնե փորձասենյակներ ունեն: Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը միավորեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտին և դրանով ուժեղացրինք թանգարանի գիտական հենքը, և թանգարանն ունեցավ երգչախումբ, որը հանրայնացնում է Կոմիտասի ժառանգությունը: Մեր բոլոր որոշումները պետք է լինեն հօգուտ, ոչ թե ի վնաս, և բոլոր տաղանդավոր մարդիկ այդ փոփոխությունների արդյունքում չպետք է դուրս մնան: Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարող է անել գործադիր իշխանությունը, քան պահպանել ստեղծագործական խմբի աշխատելու հնարավորությունը և ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ»,-նշեց նա:

Արա Խզմալյանը շեշտեց, որ թատրոնների միավորման վերաբերյալ որոշումն ընդունելու մասին կարող ենք խոսել միայն ՀՀ կառավարության որոշումից հետո:

Հիմա միայն մշակվում է նախագիծը, և փոխնախարարը չի ցանկանում, որ այդ մասին պատահաբար իմացվի, որովհետև նման նախադեպ արդեն եղել է: «Ես այդ ճանապարհով չեմ գնում և բաց եմ, ազնիվ: Այն, ինչ մտածում եմ, ասում եմ և ներկայացնում եմ իմ հիմնավորումները»,-ասաց Խզմալյանը:

Նա նշեց՝ եթե ՀՀ կառավարությունն ապագայում ընդունի դեռևս մշակման փուլում գտնվող որոշումը, Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի այլ կոլեկտիվի:

Անդրադառնալով կրճատումներին՝ փոխնախարարն ասաց, որ ցանկացած միավորման դեպքում լինում են նաև կրճատումներ: «Կառույցը չի կարող ունենալ երկու գլխավոր հաշվապահ: Եթե այն շատ մեծ չէ, կարիք չկա երկու իրավաբան ունենալ: Իմ տեղեկություններով՝ Կամերային երաժշտական թատրոնում բազմաթիվ գործառույթներ համատեղվում են, այսինքն՝ մի մարդը մի քանի ֆունկցիա է իրականացնում, ուստի հաստիքների կրճատման դեպքում բազմաթիվ մարդիկ կաշխատեն այլ հաստիքներով: Այնպես որ, սա արդեն ընթացակարգ է, որ պետք է անցնենք: Ես ուղղակի մեծ հույսեր եմ կապում իմ գործընկերների բանականության, ողջամտության, իրավիճակը սթափ գնահատելու կարողության հետ:  Սա աղմուկի, շահարկման խնդիր չէ: Պետական գերատեսչությունը լիազորված է իր ռեսուրսները կառավարելու, և այդ մանդատը տրված է լիազոր մարմնին: Սա զանգվածային բնույթ չի կրում: Եթե երկու կառույց միավորելով ոչինչ չեմ կորցնում, այլ ձեռք եմ բերում և միևնույն ժամանակ պայման եմ ստեղծում փողոցում հայտնված կարևորագույն կառույցի համար, ապա մենք գնալու ենք այդ որոշմանը, որը կիրականացվի՝ անկախ հավանական արձագանքներից: Եթե ոլորտը համակարգող անձինք չեն կարողանում պատասխանատվություն ստանձնել և հարվածներ ընդունել, իրավունք չունեն նստելու այդ աթոռներին: Եթե մենք վստահ ենք, որ մասնագիտորեն և բարոյապես ճիշտ ենք վարվում, ոչինչ չի կարող խոչընդոտել: Կարևորը՝ համոզված լինենք, որ մեր որոշումը ճիշտ է, հիմնավորված է, արդարացված է»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]