Տնտեսություն

Կառավարությունը սահմանափակել է ընկերություններին արտոնությունների տրամադրման կարգն ու ձևը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը սահմանափակել է ընկերություններին արտոնությունների տրամադրման կարգն ու ձևը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը վերջերս խիստ սահմանափակել է արտոնությունների տրամադրման կարգն ու ձևը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հուլիսի 1-ին ընդունված որոշումներին, որոնցով երկու ընկերությունների տրամադրվում են մաքսատուրքերի արտոնություններ՝ առաջինով 106 մլն դրամի, երկրորդով՝ 17 մլն դրամի չափով:

«Փորձել ենք սահմանափակել այդ արտոնությունների տրամադրումը միայն սարքավորումների մասով և միայն այնպիսի հումքի մասով, որը մեծամասամբ արտահանվելու է: Ներքին շուկայում սպառման տեսանկյունից աշխատում ենք այնպես անել, որ չտուժի մրցակցությունը և լինեն նույն պայմանները, իսկ այդ տեսանկյունից 2 ընկերությունները լիովին բավարարում են նորացված չափանիշներին»,- ասաց Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ աշխատում են օրենքի սահմաններում, և եթե որևէ ընկերության պետք է արտոնություններ տալ, տալիս են:

«Այսինքն` մեր գործողությունների տրամաբանությունը ոչ թե մեկին ճնշելն է կամ օգնելը, այլ գործելը օրենքի սահմաններում»,- շեշտեց Քերոբյանը:

«Մենք շարունակելու ենք պաշտպանել տեղական արտադրողներին և տալ նրանց բոլոր հնարավորությունները, որպեսզի իրենք գրավեն արտաքին շուկաները: Ինքս անձամբ մեր տնտեսական շահերը պաշտպանելու համար բազմաթիվ բանակցություններ եմ ունենում տարբեր երկրների պաշտոնյաների հետ»,- ասաց Վահան Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում