Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը պատերազմն սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին

Ադրբեջանը պատերազմն սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. 
Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմը սկսել է հենց 2020-ի սեպտեմբերին՝ հասկանալով, որ, եթե սպասի, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց քարոզարշավի շրջանում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Անվտանգությունը երկրի ամենակարևոր օրակարգն է, սակայն մենք անվտանգություն ասելով հայացքները միշտ հառնում ենք դեպի սահման, սակայն անվտանգությունը սահմանին կանգնած զինվորով ոչ թե սկսվում է, այլ ավարտվում է: Անվտանգությունը սկսվում է ամենափոքր կրպակից. մեզնից ամեն մեկը առևտուր անելիք ՀԴՄ վերցնո՞ւմ է, թե ոչ, աշխատողը կտրոն տալիս է, թե ոչ»,-ասաց Փաշինյանը:

Թե ինչ կապ ունի ՀԴՄ կտրոնը սահմանի զինվորի հետ՝ նա պարզաբանեց՝ կապն ուղղակի է: «Որովհետև անվտանգությունն առաջին հերթին բյուջետային ծախս է: Որքան մեծ են վճարվող հարկերը, այնքան մեծ է բյուջեն, որքան մեծ է բյուջեն, այնքան ավելի մեծ հնարավորություններ կան ԶՈՒ-ում փոփոխություններ մտցնելու»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ 2018-2019-ին հենց այդ տրամաբանությամբ ռազմական ծախսերն ավելացրել են 48 տոկոսով, իսկ պետբյուջեի եկամուտները՝ 1 մլրդ դոլարով: «Գործարարներին ասել ենք ՝հարկ վճարեք պետբյուջե, որ կառավարությունը գործելու, խնդիրներ լուծելու հնարավորություն ունենա: Եվ մենք չենք հասցրել այդ գործն ավարտին հասցնել, որովհետև Ադրբեջանն իր համար ֆիքսել է, որ եթե 7 կամ 10 տարի առաջ ինքը կարող էր սպասել՝ ակնհայտ տեսնելով, որ 5 տարի հետո իր համար պատերազմը շատ ավելի հեշտ է լինելու, ապա 2020-ի սեպտեմբերին հասկացել է՝ եթե սպասի, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց՝ 2019-ին ՀՀ-ն եվրասիական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճն է ապահովել, պետբյուջեի եկամուտներն ավելացել են:  2019-ին Հայաստանը ձեռք է բերել 2011- 2020 թվականներին ՀՀ-ի ձեռք բերած սպառազինության 62 տոկոսը: Փաշինյանը շեշտեց, որ 2018-2020 թվականներին 10 տարվա սպառազինության ձեռքբերումների 75 տոկոսն է տեղի ունեցել, դրանից հետո վրա է հասել կորոնավիրուսը:

«Նրանք հասկացել են, որ դա է պատերազմի ամենաճշգրիտ ժամանակաշրջանը, որովհետև հասկացել են՝ եթե էլի սպասեն, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին: Սա է եղել պատերազմի պատճառը, նրանք տեսել են, որ 1998 թվականից մինչև 2018 թվականը մեր երկրի հանրային դիմակայության անկում է տեղի ունենում»,-ասաց Փաշինյանը:

Նա ներկայացրեց ՀՀ նախորդ ղեկավարների օրոք ձեռք բերված զենք-զինամթերքների ծավալները՝ հավելելով, որ իր վարչապետության օրոք ձեռք բերված զենք-զինամթերքը կրկնակի ավելի է, քան Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեռքբերվածը և 1 մլն դոլարով ավելի,  քան Սերժ Սարգսյանի 10 տարվա կառավարման ընթացքում ձեռքբերվածը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am