Արսեն Բաբայանը Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը համարում է քաղաքական ճնշում «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է դաշինքի անդամ, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կալանավորմանը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել իրենց դաշինքի նկատմամբ քաղաքական ճնշումների շրջանակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաբայանն ասաց հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ տևական ժամանակ է տարբեր պատրվակներով իրենց փորձում են հրավիրել քննչական մարմիններ, վեր են հանում ինչ-որ քրեական գործեր, որոնցով մինչ օրս որևէ գործողություն չէր իրականացվում: «Այս ամենի ապացույցն է վերջերս Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, թե իբր Խլղաթյանն ընտրակաշառք է բաժանել: Այս գործով ձեռք բերված ապացույցները քարուքանդ են լինելու: Ձերբակալություն իրականացրել է իրավապահ այն մարմինը, որը չուներ դրա իրավունքը և Խլղաթյանի պաշտպանական թիմն այդ գործողությունները վիճարկել է դատարանում: Մենք օրեր առաջ սրա մասին հայտնեցինք, ինչից հետո Հատուկ քննչական ծառայությունը Քննչական կոմիտեից վերցրեց այս գործը: Առաջին դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հաջորդն էլ ասել էր, որ ինքն այդ գործը չի կարող քննել, քանի որ ՀՔԾ-ում է, ինչից հետո միայն գործն ուղարկվել է Երևան: Այս ձգձգումները հանգեցրել են նրան, որ Ռուբեն Խլղաթյանը մնացել է անազատության մեջ: Այժմ վերջինս կալանավորվել է, և այդ որոշումը կայացրել է մեկ այլ՝ երրորդ դատավոր»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների:
Ռ. Խ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող՝ Գ. Պ.-ի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գ. Պ.-ի կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խ.-ն և Գ. Պ.-ն իրենց հանցավոր արարքն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով. վերջիններս գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պ.-ի տան բակից:
Վերը նշված հանցավորարարքների կատարման համար12.06.2021թ.-ին Ռ. Խ.-ին և Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: