Քաղաքականություն

Սև լճի հատվածի հետ կապված բանակցությունները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Սև լճի հատվածի հետ կապված բանակցությունները շարունակվում են

ԳՅՈՒՄՐԻ,25 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որևէ փաստաթուղթ այս պահին չի ստորագրվում և առկա չէ: Եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետը մանրամասն խոսել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «թուղթը ստորագրելու եմ», հայտարարությանը և Տավուշի 6 գյուղերի հանձնման խոսակցություններին: «Այս պահին որևէ փաստաթուղթ առկա չէ: Այսինքն՝ ցանկացած առաջարկություն, որ կարող է հնչել երրորդ կամ միջնորդ երկրի կողմից, բնականաբար, թղթային տարբերակով հա՛մ պետք է մեզ գա, հա՛մ գնա հակառակ կողմին, և այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա մեզ ընդունելի է այդ տեսքով»,-նշեց Սուրեն Պապիկյանը վստահեցնելով՝ սա աշխատանքային պրոցես է, և այդ փաստաթուղթը ստորագրելու որևէ պայման էլ առկա չէ:

Անդրադառնալով այս պահին ընթացող բանակցություններին, պատասխանատուն տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվում են: «Բնականաբար, հիմնական հատվածը Սև լճի հատվածն է, որտեղ, որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները, բայց շատ տեղերում էլ իրավիճակն այլ է: Փորձում ենք բանակցային ճանապարհով հնարավորինս դանդաղ, առանց որևէ սրացման խնդիրը լուծել: Հիմա դրանում ներգրավված են նաև մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ-ի գործընկերները»:

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում