Կատալոնիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին ու կդատապարտի ՀՀ տարածքային ամբողջականության խախտումն Ադրբեջանի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է El Nacional-ը:
Նշվում է, որ մայիսի 17-ին Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բորասը ընդունել է Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Լրատվամիջոցը տեղեկացել է, որ Պալատը հանդես կգա հայտարարությամբ, որով կպահանջի ազատ արձակել հայ ռազմագերիներին և կդատապարտի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը:
Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Բացի այդ, Ադրբեջանիզինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ ենիրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ: