Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան

Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ 
կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանային միջադեպի առնչությամբ հայկական կողմի ձեռնարկած միջոցներն այս պահին համարում է ճիշտ, կարծում է՝ եթե բանակցությունները արդյունք չտան, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց մայիսի 14-ին հրավիրված ասուլիսում:

«Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: «Առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել»,-ասաց Մարուքյանը:

Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: «Ես կարծում եմ, որ հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի, որ եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը չվերադառնա, ապա կիրառի իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ կիրառի: Սակայն, այս պահին եղած բանակցությունները և միջոցները, որոնք կիրառվում են, կարծում եմ՝ ճիշտ է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա ուժի միջոցը: Սակայն, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը շատ ճիշտ քայլ համարեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ ՀՀ սահմանում հասունանում է նոր էսկալացիա: Սա ԼՀԿ-ի համար ներքաղաքական բնույթի հարց չէ: «Մենք անվտանգության հարցն արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու և նաև կոչ ենք անում մյուս բոլոր քաղաքական ուժերին անել նույնը: Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանը չէ, այն Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորով մեկ մարդու պես պետք է կանգնենք ու այդ սահմանը պահենք, եթե բանակցելու գործ է, բանակցենք, եթե կռվելու գործ է, կռվենք»,-ասաց Մարուքյանը:

ԱԺ պատգամավորներն օգտագործում են նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]