Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է բացառեն ատելության տարածումը․ ՄԻՊ աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ

Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է բացառեն ատելության տարածումը․ ՄԻՊ 
աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով: Այս առնչությամբ ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև.

«Ընտրական իրավունքի երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:

Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

Այս նպատակի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է ապահովել վիրավորանքի, հայհոյանքի ու ատելության բացառումը, երկրում համերաշխության մթնոլորտի երաշխավորումը:

Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում:

Երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:

Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածությունը:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ:

Մարդու իրավունքների պաշտպանը գործելու է բացառապես իր իրավասության սահմաններում և աշխատելու է հնարավորինս հրապարակային:

Ի գիտություն բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն:

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը:

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:

Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Կապահովվի արագ արձագանքը Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացվող ահազանգերին։

Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:

Անհրաժեշտ համագործակցություն կապահովվի նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am