Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

Հայ ճարտարապետների շնորհիվ է Բաքուն վերածվել վարչական խոշոր կենտրոնի. ԱԺ- ում բացվեց ցուցադրություն

Հայ ճարտարապետների շնորհիվ է Բաքուն վերածվել վարչական խոշոր կենտրոնի. ԱԺ-
ում բացվեց ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ճարտարապետներ Նիկոլայ Բաևի, Հովհաննես Տեր-Հովհաննիսյանցի, Վարդան Սարգսյանի և անվանի այլ հայ ճարտարապետների, հատկապես շուշեցի ճարտարապետների շնորհիվ է Բաքուն գավառական քաղաքից վերածվել Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ներկայացվեցին հայ ճարտարապետների ստեղծագործությունները:

«Շուշին այժմ մերը չէ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է չշարունակենք պայքարել: Մենք պետք է գնանք առաջ, պետք է նայենք առաջ ու շարունակենք մեր պայքարը՝ հանուն այն տարածքների, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են»,-ասաց խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա հիշեցրեց՝ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի 7-րդ կետը սահմանում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: «Սա նշանակում է, որ շատ տեսանելի է այն ապագան, որ մենք կարող ենք հասնել Շուշիի, Հադրութի և մյուս բնակավայրերի այն նախկին վիճակին, որ ունեինք, և մեր հայրենակիցները շարունակեն ապրել այնտեղ: Մենք պարտավոր ենք հզորանալ, քանի որ այլընտրանք չունենք»,-ասաց Թովմասյանը:

Ներկայացվեցին մեծամասամբ ծնունդով շուշեցի հայազգի, Ռուսաստանում մասնագիտական կրթություն ստացած մի խումբ ճարտարապետների ստեղծագործություններ, որոնց ճարտարապետական մտքի շնորհիվ, ի թիվս այլոց, Բաքուն գավառական քաղաքից այսօր վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական և արդյունաբերական կենտրոնի: Ցուցադրությունը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանը: Նախապատրաստական աշխատանքներն իրականացրել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ցուցադրությունը կարևոր առիթ  համարեց՝ վերհիշելու, թե 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բաքվի հայկական համայնքն ինչպիսի դերակատարում է ունեցել ոչ միայն քաղաքի մշակութային և տնտեսական կյանքի զարգացման հարցում, այլ նաև քաղաքաշինության ոլորտում:

Նա հիշեցրեց պատմությունը՝ 1885-1915 թթ Սանկտ Պետերբուրգում ուսանած հայ 115 ինժեներներ ներգրավվել են Անդրկովկասում տարբեր նախագծային աշխատանքներում, և նրանց մի մասը ներգրավվել է նաև Բաքվում ճարտարապետական նախագծային աշխատանքներ կատարելու գործում: «Նրանց շարքում են եղել Նիկոլայ Բաևը, Հովհաննես Տեր-Հովհաննիսյանցը, Վարդան Սարգսյանը և այլք: 1911-1918 թթ. Բաևը հանդիսացել է Բաքվի գլխավոր ճարտարապետը, և նրա օրոք ստեղծվել է մի մշակութային կոթող, որն այսօր Բաքվում ծառայում է որպես օպերայի և բալետի ակադեմիական թատրոն: Նա նաև նախագծել է Սաբունչիի երկաթգծային կայարանի շենքը»,-նշեց Մակունցը:

Նա նշեց՝ ի տարբերություն Ադրբեջանի որդեգրած քաղաքականության՝ հայերը հայկական մշակույթի տարերով հարստացրել են հենց նրանց մշակույթը: «Ես կարծում եմ, որ Շուշիի նկատմամբ սերը պետք է բոլորիս համախմբող դեր ունենա , և այն հարցը, որը դրվում է բանակցային սեղանի օրակարգում՝ դեօկուպացիայի հարցը, պետք է մեզ համար լինի կարևոր գերխնդիր»,-ասաց խմբակցության ղեկավարը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ