Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստան» դաշինք. Քոչարյանը ներկայացրեց, թե ինչու է ընտրություններին մասնակցում ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան»-ի հետ

«Հայաստան» դաշինք. Քոչարյանը ներկայացրեց, թե ինչու է ընտրություններին մասնակցում ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով:  «Արմենպրես»հաղորդմամբ՝ քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառմանը Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու է որոշել մասնակցել հենց ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան»-ի հետ:

Քոչարյանը նախ նշեց, որ երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Ըստ նրա՝ երկիրն ունի կառավարման ճգնաժամ և տնտեսական ճգնաժամ: «Պետք են ուժեր, պետք են մարդիկ, որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար: Ինչո՞ւ ես. ունեմ մեծ կառավարման փորձ՝ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ՝ անվտանգության, պաշտպանության համակարգում, ունեմ փորձ՝ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: Եվ ինչպես տեսնում եք, ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են»,-ասաց Քոչարյանը:

Այնուհետև նա պարզաբանեց, թե ինչու է որոշել մասնակցել ՀՅԴ-ի հետ՝ նշելով, որ ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել է և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: «Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ: Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախահանգության տարիներին՝ նույնիսկ, երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր: Փորձն արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որը հիմնադրել և ղեկավարում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նա ասաց. «Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառանալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մենք մնալու՞ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում: Այստեղ վտանգները լուրջ են, և կարծում եմ՝ Սյունիքն այսօր մեր այս պայքարի սիմվոլն է»:

Քոչարյանը շեշտեց, որ գործող իշխանությունը պետք է հեռանա՝ նշելով, թե այս իշխանությունը հանդիսանում է պարտության խորհրդանիշը, պարտության դեմքը, ձայնը: Նա գործող իշխանությանը մեղադրեց զոհերի, վիրավորների, անօթևան մնացած հայրենակիցների համար: Քոչարյանը իշխանությանը մեղադրեց տնտեսության անկման համար՝ շեշտելով նաև, որ աճել է աղքատությունը, արտաքին պարտքը: 

Իսկ թե իշխանության գալով՝ իրենք ինչ են մտադիր անել՝ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցված վնասի ծավալը՝ բոլոր ոլորտներում, իսկ հետո անմիջապես պետք է անցնեն հակաճգնաժամային քայլերի: «Պետք է կանգնեցնենք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկը և կանխատեսելիությունը»,-ասաց նա ու վստահեցրեց, որ ժողովուրդն ամիջապես զգալու է փոփոխությունները երկրում:

Նրա խոսքով՝ իրենց հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի նկատմամբ: Քոչարյանը խոստացավ՝ առաջնային խնդիր է դառնալու ամեն տարի տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումը, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Նա խոստացավ գիտահեն տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն, գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը: 

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ շեշտեց՝ վերահաստատում են ուղիղ 6 ամիս առաջ սկսած իրենց պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ գործող իշխանությունը պետք է հեռանա: «Առաջիկա ընտրությունները սովորական չեն: Սա մեր կյանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրությունն է»,-նշեց նա ու հավելեց, որ սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է: 

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը խոսեց Սյունիքի սպառնալիքների, խնդիրների մասին՝ նշելով, որ Սյունիքը Հայաստանի այն մեկնակետն է, որով սկսվում, բայց չի ավարտվում Հայաստանի և Արցախի անվտանգությունը: «Հասկանում ենք` Հայաստանը պատած աղետի ծավալներն ու խորությունն այնպիսին են, որ որևէ ուժ ունակ չէ միայնակ դուրս բերելու երկիրն  այս վիճակից: Մենք գիտակցում ենք, որ դրա համար անհրաժեշտ է իրական սիներգիա, այսինքն` քաղաքական առողջ ուժերի միավորում՝ ի շահ Հայոց աշխարհի: Այդ պատճառով մենք որոշեցինք հանդես գալ դաշինքով»,-ասաց նա ու հավելեց, որ հավատում են իրենց դաշինիքի հավաքական մտքին, կամքին ու վճռականությանը:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի հռչակագիրը: Այնուհետև հռչակագիրը ստորագրեցին Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը: 

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]