Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայրենական մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսում ներկայացվեցին բացառիկ արխիվային նյութեր

Հայրենական մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսում ներկայացվեցին բացառիկ 
արխիվային նյութեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Երևանում բացվեց «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսը, որում ներկայացված են պատերազմի տարիներից բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, պոստերներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 7-ին «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեց պատերազմին նվիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ վիկտորինան: Միմյանց դեմ մրցեցին հայաստանյան բուհերի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները:

 «Ներկայացված են փաստաթղթեր, որոնցով Հայրենական պատերազմի ընթացքում առաջնորդվել են իշխանության վերին օղակները: Այս փաստաթղթերի շնորհիվ կերտվել է հաղթանակը: Այս ամենը մեր հաղթանակի պատմությունն է»,-ասաց կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ու հավելեց, որ կարևոր են նաև Հայաստանի ազգային արխիվից բերված յուրահատուկ պաստառները:

Անդրադառնալով վիկտորինային՝ Կարապետյանը նշեց, որ այն արդեն ավանդական է դարձել և անցկացվում է երկրորդ տարին: Նախաձեռնել են հենց վիկտորինա՝ ներգրավելով երիտասարդներին, որպեսզի ապահովեն սերունդների կապը, որ աշակերտները, ուսանողները չմոռանան իրենց պապերին և հիշեն նրանց հերոսությունները, հաղթանակը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն էլ տեղեկացրեց, որ արխիվում Հայրենական մեծ պատերազմին վերաբերող պաստառների մոտ 100 հավաքածու կա, սակայն ցուցահանդեսում ներառվել է 36 պաստառ: «Այսպես ևս մեկ անգամ կարևորում և արժևորում ենք Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Ցուցահանդեսի միջոցով հանրահռչակում ենք նաև արխիվի պատմամշակութային ժառանգությունը»,-շեշտեց նա: Ի դեպ, ցուցահանդեսում ներկայացված են «Արմենպրես»-ի արխիվի «ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատները, որոնք նաև թվայնացվել են:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումները շարունակվելու են նաև մայիսի 8-ին և 9-ին: Երևանի կենտրոնում և Հաղթանակի զբոսայգում  քաղաքացիներին կբաժանվեն  Գեորգիևյան ժապավեններ:

Միջոցառումները կեզրափակվեն մայիսի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Պատերազմի օրերի մեղեդիները» խորագրով դասական համերգով, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Երեկոյին կհնչեն Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք ծնվել են  Հայրենական պատերազմի տարիներին: Համերգին զուգահեռ դահլիճի ճեմասրահում կբացվի թեմատիկ ֆոտոցուցահանդես:

«Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսը կյանքի կոչվեց Ռոսարխիվի, Հայաստանի ազգային արխիվի և Ա. Խաչատրյան տուն-թանգարանի հետ համագործակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]