Պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել ԸՕ-ում փոփոխությունների և լրացումների օրինագծի վերաբերյալ
2 րոպեի ընթերցում
![Պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել ԸՕ-ում փոփոխությունների և լրացումների օրինագծի վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051566.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ մինչև երկրորդ ընթերցումը առաջարկներ չեն ներկայացվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է օրենքի ուժով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, ընդլայնել հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես նվազեցնել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:
Նախագծով նախատեսվում է նաև իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%, իսկ դաշինքներինը` բարձրացնել: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս:
Փաթեթն առաջին ընթերցմամբ մայիսի 6-ին ընդունվել է միաձայն` 82 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը: