Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ հետ կապված հարցը

2 րոպեի ընթերցում

Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ հետ կապված հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:«Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` պետության ինքնիշխան իրավունքն է, որ օրենսդրության մեջ օրենքով և Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով իրականացվի ցանկացած փոփոխություն: «Սովորաբար Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում այն փաթեթները, որոնք ունեն հնչեղություն և կարևորություն` ստուգելու դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին»,- ասաց Վարդանյանը:

Հայաստանի իշխանությունները ձգտում են հունիսի 20-ին ծրագրված արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալ նոր Ընտրական օրենսգրքով: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Փաթեթով նախատեսվում է մաքուր համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է նման փոփոխություններին, իսկ խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժի՝ «Իմ քայլը»-ի համար այն ընդունելի տարբերակ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում