Հասարակական

Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան. հայտարարություն

2 րոպեի ընթերցում

Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 10-ից իրավունքի ուժով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանն ուղերձ է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա անունից ուղերձը տարածել է ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը:

Ուղերձում Գասպարյանը նախ հիշեցրել է, որ 2021թ․ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ իրեն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

«Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում»,-նշել է Գասպարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել է ՀՀ վարչական դատարան։

«Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։

Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»,-նշել է Օնիկ Գասպարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում