Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով. Արա Այվազյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի 
միջոցով. Արա Այվազյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը դեռևս լուծված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Մենք ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով է հնարավոր գտնել լուծում, որը հաշվի կառնի բոլորի իրավունքներն ու խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում: Եվ նման կարգավորման հիմքում պետք է նախ և առաջ լինի Արցախի կարգավիճակի հստակեցումը:

Ղարաբաղյան հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով: Հայաստանը հանդես է եկել և հետագայում էլ հանդես է գալու Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման դիրքորոշմամբ: Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի կազմում Արցախը կնշանակի Արցախն առանց հայերի»,- ասել է Արա Այվազյանը:

ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները՝  նշելով, որ այդ բոլոր վայրագությունները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Հադրութի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրենությունները հերթական ապացույցն էին նրա, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել սեփական պատմական հողի վրա հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը:

Անդրադառնալով խնդրի կարգավորման ձևաչափին՝ Այվազյանը նշել է, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է, որի շրջանակում էլ պետք է լինի հակամարտության վերջնական լուծումը:

«Այս առումով մեր տեսակետն անփոփոխ է՝ խաղաղ կարգավորման առանցքային հարցերն առ այսօր լուծված չեն: Սա ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին, ինչը հստակորեն արտահայտվել է նաև 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ»,- ասել է նա:

Այվազյանը նշել է, որ Արցախի դեմ ագրեսիան՝ որպես խնդրի կարգավորման մեթոդ, մարտահրավեր է համաշխարհային հանրությանը, այն վնասում է միջնորդական ջանքերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, համանախագահ երկրների հեղինակությանը: Նախարարը հույս է հայտնել, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատն ու արդյունավետ կգլխավորեն խաղաղության գործընթացը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին՝ Այվազյանը նշել է, որ «Երևանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին»: «Այսօր մեր օրակարգում է խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]