Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է այն տեսակետը, որ պետք է պարզի Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ամեն դետալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին:

«Ձեր առաջարկած նախագծով հանձնաժողովը 70%-ով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, որոնք արդեն ձեր հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից: Մենք փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման այդ թեմայի վերաբերյալ, բայց դուք հարկ չեք համարել գալ: Այս պահին պատերազմի հետ առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ և այդ մեխանիզմը Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն է:

«Այն կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն: Ինչ վերաբերում է պատերազմի մասին ճշմարտությանը, կարծում եմ, այն բավականաչափ քննարկվել է, միանշանակ համաձայն եմ, որ մինչև վերջին դետալը պետք է պարզվի»,- ասաց վարչապետը:

2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում