Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փոխվարչապետի կարծիքով՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է անվտանգային երաշխիք լինել

Փոխվարչապետի կարծիքով՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ 
լուծումը կարող է անվտանգային երաշխիք լինել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է ինքնին անվտանգային երաշխիք լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմամբ: Ըստ պատգամավորի՝ խնդիրն ունի քաղաքական, իրավական, տնտեսական կողմ: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հաղորդակցությունների վերականգնումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից: «Այս բոլոր խնդիրների առկայության պայմաններում ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշել երկրի շահի առկայությունը տվյալ դեպքում»,-հարցրեց պատգամավորը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի: Սակայն, այնուամենայնիվ, որպեսզի մենք այդ ճանապարհով գնանք, պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, այդ իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որպեսզի ի վերջո հնարավոր լինի ապաբլոկավորել տնտեսությունը և լուծել տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը: Ես անձամբ կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի: Այդ խնդիրը չլուծելը մեզ ավելի անվտանգային իրավիճակում է դնում, քան այդ խնդրի լուծումը: Այդ խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգային երաշխիք կարող է լինել»:

Իսկ թե ինչի վրա և ինչպես կանդրադառնա դա, փոխվարչապետը կարծում է, որ դա կարգավորումների խնդիր է: Նա համաձայնեց, որ այդ հարցում կա և իրավական, և տնտեսական վերլուծություններ, և ռիսկերի գնահատման խնդիր: Ըստ նրա, սակայն այդ խնդիրները պետք է քննարկել: «Եթե կա տպավորություն, թե այսօր այդ բոլոր խնդիրները լուծված են, և պատրաստի լուծումներ կան, որոնք պետք է հենց այսօր պայմանավորվեն և կնքվեն, դա այդպես չէ»,-ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ այս պահին դեռևս քննարկումների փուլը չի էլ սկսվել: Ամսվա վերջին լինելու է առաջին հանդիպումը ռուսական և ադրբեջանական կողմերի հետ միասին:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից գլխավորելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնեցված այլ ուղղություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am