Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաքվի հակահայ քաղաքականությունը շարունակվեց նաև արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում. ԱԺ նախագահ

Բաքվի հակահայ քաղաքականությունը շարունակվեց նաև արցախյան 2-րդ պատերազմի 
ընթացքում. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը, որը ավելի քան 30 տարի առաջ արտացոլվել է Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերով, շարունակվեց նաև արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է արել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված և զանգվածային կոտորածի։

Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած ջարդերը մաս դարձան ադրբեջանական պետական հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության։ Հակահայ այս քաղաքականությունը շարունակվեց արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված բազմաթիվ զարհուրելի ոճիրներով»,-գրել է Միրզոյանը:

Նա շեշտել է, որ անկախ այս բարդագույն իրավիճակից և ստացած հարվածներից՝ համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել և արարել իր հայրենիքում և կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները։ «Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող»,-նշել է ԱԺ նախագահը:

Նրա կարծիքով՝ առավել դիպուկ, քան Վիլյամ Սարոյանն է ձևակերպել, հնարավոր չէ ասել և մեջբերել է.

«Կուզեի տեսնել աշխարհում որևէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, և աղոթքները՝ լռած։ Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը։ Պատկերացրեք, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»:

Հունվարի 13-ին լրանում է Բաքվի հակահայկական ջարդերի 31-րդ տարելիցը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am