Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել

Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու 
պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել` Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովը հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանը, կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այժմ օրակարգում են կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալը, ինչպես նաև տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը:

«Այս բոլոր ուղղություններով որոշակի դրական բան կա, բայց առաջանում են նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի արտառոց լինելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am