ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել ՀՀ կառավարության և Գլխավոր դատախազության շենքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սաղաթելյանն ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում:
«Մի մասը ժողովրդի մնում է այստեղ, մյուս մասը շրջափակում է կառավարության և դատախազության շենքերը, որովհետև այս կառավարության գործունեությունն այլևս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնի այս շենք, որովհետև դա այս պահին մեզ պետք չէ: Պետք է պետական ողջ համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ սահմանադրական ճանապարհներով հետևողականորեն շարունակելու են վարչապետի հրաժարականի պահանջով իրենց պայքարը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ: