Տնտեսություն

Համայնքները ֆինանսական մուտքերն ավելացնելու նոր հնարավորություն կստանան

3 րոպեի ընթերցում

Համայնքները ֆինանսական մուտքերն ավելացնելու նոր հնարավորություն կստանան

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած օրինագծին, որը հնարավորություն կտա ավելացնել համայնքների ֆինանսական մուտքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Փաթեթով նախատեսվում է սահմանել, որ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, այդ թվում բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների համար ներկայիս ճանապահային հարկի փոխարեն յունաքանչյուր 1 քմ-ի համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանած կարգին և պայմաններին համապատասխան»,-ասաց Սիմոնյանը:

Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն ազատվում է հարկումից: Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սահմանված հարկի 25 %-ի չափով:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ սա նշանակում է համայնքների ֆինանսական եկամուտների ավելացում: Փոխնախարարը համաձայնեց: «Այս պահի դրությամբ այն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, որոնց վրա գովազդ է տեղադրվում, և որոնք անցնում են համայնքների բնակավայրերով, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է թույլտվություն տալիս: Եվ ապակենտրոնացման քաղաքականությունից ելնելով՝ բնակավայրերի միջով անցնող հատվածներում գովազդային վահանակ տեղադրելու թույլտվության լիազորությունը տալիս ենք համայնքներին»,-ասաց նա ու հավելեց, որ այսպիսով համայնքները նոր լիազորություններ կստանան և նոր մուտքեր կապահովեն:

Առաջարկվող կարգավորումն արդեն իսկ Երևանում գործում է: Նախագիծը նպատակ ունի հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում