Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ալմաստ» օպերա, «Երեք արմավենի». Սպենդիարյանի տուն-թանգարանը հետաքրքիր նախաձեռնություններ ունի

«Ալմաստ» օպերա, «Երեք արմավենի». Սպենդիարյանի տուն-թանգարանը հետաքրքիր 
նախաձեռնություններ ունի

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած համավարակին, պատերազմին, մշակութասեր հանրությանն աջակցելու նպատակով Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը շարունակում է բուռն գործունեություն ծավալել: Իրականացվում են կրթական-ճանաչողական ծրագրեր, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնք այցելուներին հնարավորություն են տալիս մշակույթի միջոցով դրական լիցքեր ստանալ ու չընկճվել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տուն-թանգարանի հանրային կապերի պատասխանատու Մարիամ Հովունին ասաց, որ մի շարք նախաձեռնություններով  հանդես են եկել առցանց տիրույթում: «Նոր գործելաոճ, նոր գործիքակազմ, թանգարանի համար նոր աշխատանքային օրակարգ: Ուրախ ենք, որ կարողացանք և՛ հետևորդների մեծ բանակը համալրել նորերով, և՛ մեր ծրագրերի միջոցով կյանքի կոչել տուն-թանգարանի առջև դրած նպատակները: Թանգարանը վերջերս համալրվեց նոր «Երեք արմավենի» կրթական ծրագրով: Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման հետաքրքիր պատմությունը որոշեցինք իրականացնել պատկերազարդ մուլտֆիլմի տեսքով՝ վստահ լինելով, որ այն մնայուն  նվեր կարող է լինել մեր սիրելի փոքրիկների համար»,-պատմեց Հովունին:

Նա ընդգծեց, որ դեկտեմբերի 1-2-ին ներկայացնելու են «Ալմաստ» կրթական ծրագիրը և մի խաղ-ծրագիր, որոնց փակագծերը դեռ չեն բացի:

Անդրադառնալով Սպենդիարյանի հոբելյանին նվիրված միջոցառումներին՝ Հովունին հիշեցրեց, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում որոշվել է կոմպոզիտորի 150-ամյակը ներառել նշանավոր մարդկանց տարեդարձերի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2020-21 թվականների կարևոր իրադարձությունների օրացույցում: Տուն-թանգարանն ունի հետաքրքիր գաղափարներ, որոնց մի մասն իրականացրել է: Որոշ նախաձեռնությունների մասին շուտով կխոսեն: Կան մտահղացումներ, որոնք դեռ աշխատանքային քննարկումների փուլում են:

«Բոլորը գիտեն, որ մշակույթը հոգեբանական դժվարին իրավիճակներից դուրս գալու լավ հնարավորություն է: Դժվար է ասել, թե համավարակից, պատերազմից հետո որքանով մշակույթը կկարողանա անել իր գործը, բայց միանշանակ է, որ մեզանից յուրաքանչյուրն այսօր ջանում է նոր գաղափարներով, նախագծերով օգնել հասարակությանը դուրս գալու այս բարդ իրավիճակից: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ արցախցի երեխաների համար կարողացանք իրականացնել շուրջ 6-7 միջոցառում: Տուն-թանգարանը
«Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Խաղաղության կռունկներ» միջոցառումը, որի շրջանակում արցախցի երեխաները պատրաստեցին կոմպոզիտորի` մանկուց սիրված օրիգամիները, ինչպես նաև վայելեցին կոմպոզիտորի սեփական բաղադրատոմսով պատրաստված կակաոն։
Օրիգամիները նախատեսված են մեր սիրելի զինվորների համար և հասնելու են նրանց, իսկ ահա կակաոյից ստացված հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,-ասաց Հովունին ու խոստովանեց, որ երեխաների ժպիտը, ամեն մի արձագանքը խոսում են այն մասին, որ այո՛, մշակույթը  կարող է  դրական ազդեցություն ունենալ հանրության կյանքում անգամ այս չափազանց ծանր օրերին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am