Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Սուլթանը» ռազմաբազա չի ունենա Հարավային Կովկասում

«Սուլթանը» ռազմաբազա չի ունենա Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս  խաղաղապահներն արդեն անցել են Արցախում իրենց պարտականությունների կատարմանը: Դատելով թուրքական կողմի վարքագծից՝ կարելի է եզրակացնել, որ այս վիճակը նրան չի բավարարում: Թվում է՝ Մոսկվան Էրդողանի քթի տակից փախցրել է ռազմական կարեւոր մրցանակ, իսկ դա նշանակում է, որ վերջինս պատրաստվելու է նոր սադրանքների:

«Թուրք դիտորդների շարժումը կսահմանափակվի մոնիտորինգի կենտրոնի տարածքով՝ Ադրբեջանի տարածքում... ոչ նախկին հակամարտության տարածքում... Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ»,-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս խոսքերով է հերքել հավաստիացումները, թե Հարավային Կովկասում անվտանգության նոր համակարգի իրականացմանը կմասնակցեն նաեւ թուրք զինվորականները՝ որպես խաղաղապահներ:

Այդ մասին, ի դեպ, առաջին անգամ չէ հայտարարվել, այն էլ՝ ռուսաստանյան դիվանագիտական տարբեր մակարդակներով: Կրեմլի մամուլի քարտուղար Պեսկովը դա արել է նվազագույնը երկու անգամ: Այս մասին գրում է Vz.ru-ն:

Բայց նույն միտքը կրկնվում է ոչ այն պատճառով, որ առաջին անգամ նրա իմաստը չեն հասկացել. թուրքերը կլինեն դիտորդ, այլ ոչ թե խաղաղապահ, եւ ոչ թե կողմերին բաժանող մասում, այլ մոնիտորինգի ադրբեջանական կենտրոնում: Բայց արի ու տես, որ, իմանալով այս մասին, թուրքերն իրենք են պնդում իրենց խաղաղապահ դերի մասին: «Սակայն հուսահատության հասցված Հայաստանը ոչ մի կերպ չի համաձայնի դրան, քանզի դա ոչ միայն կնշանակի նրա պարտությունն Արցախում, այլ նաեւ ծաղր է հայկական բոլոր ողբերգությունների նկատմամբ, այն էլ՝ առանձնահատուկ ցինիզմով»,-նշել է Vz.ru-ն:

Անցած հինգշաբթի Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների հեռախոսային բանակցությունների ժամանակ ՀՀ ԱԳ արդեն նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը բացառել է Անկարայի ցանկացած դերը խաղաղապահ օպերացիայում, «չնայած այդ ուղղությամբ նրա ձեռնարկած քայլերին»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ թուրքական խաղաղապահների տեղակայումը չի կարող լինել միայն Մոսկվայի ու Անկարայի քննարկման թեման: Դրան պետք է համաձայն լինեն նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը:

Երբ Թուրքիային հեռացնում ես դռնից, նա վերադառնում է լուսամուտով: Բայց նրա ցանկությունը ոչ ոքի չի հետաքրքրում:

Ի սկզբանե հայտնի է, որ պատերազմի սադրիչը եղել է Թուրքիան: Ըստ էության՝ Բաքուն առավելության է հասել թուրքական անօդաչուների շնորհիվ, որոնք ղեկավարել են թուրք գեներալները: Իսկ քանի որ Ադրբեջանը նման զենքի գնման մասին չի հայտարարել, վարկած կա, որ թուրքական բանակն այն «պարտքով է տվել հարեւաններին, այն էլ՝ պրոֆիլային մասնագետների հետ միասին»:

Օպերացիան նույնպես Թուրքիան է պլանավորել: Հակամարտության գոտի Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումը, փաստ, որը հաստատել են Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետախուզությունները, նույնպես կազմակերպել է Անկարան իր կողմից կերակրվող թուրքմենական բանդաների հետ: Այսինքն՝ Թուրքիան հակամարտության լիարժեք մասնակից է, այլ ոչ թե խաղաղապահ:

Առավել եւս՝ Էրդողանը մեկ անգամ չէ ադրբեջանցիներին կոչ արել գնալ մինչեւ վերջ եւ «ազատագրել գրավյալ բոլոր տարածքները»: Իսկ երբ պարզ դարձավ, որ դա տեղի չի ունենա, իբր, փորձեց համոզել Մոսկվային՝ լուծելու հիմնախնդիրը Հարավային Կովկասում ունեցած ազդեցության շնորհիվ: Դավադրության վարկածը կամբողջանա, եթե նշենք, որ ռուսական «Մի-24» ուղղաթիռը, փաստորեն, խփել են ոչ թե ադրբեջանցիները, այլ թուրք զինյալները: Եվ ոչ թե միամտորեն, այլ միտումնավոր: Վերջին օրերին թուրքական կողմի պահվածքը վկայում է, որ Էրդողանը դժգոհ է կատարվածից: Եվ ամեն օր Թուրքիայում պնդումներ են կատարվում, որ իրենք  ներկա են Ղարաբաղում, որ դեռ ոչինչ որոշված չէ: Այնպիսի տպավորություն է, որ թուրքերը փորձում են հասնել արդեն մեկնած գնացքին եւ պատրաստ չեն հաշտվել այն բանի հետ, որ Ռուսաստանը մտադիր է գործել առանց իրենց:

Ստացվում է, որ, կապված խաղաղապահ գործունեության հետ, Մոսկվայի ու Անկարայի դիրքորոշումներում ոչ թե սխալ ընկալման, այլ սադրիչ եւ դիվերսիոն գործունեության խնդիր կա:

Թուրքիայի վերաբերյալ համառ լուրերը, թեկուզ անպտուղ, հավասար են կրակի վրա բենզին լցնելուն: Որովհետեւ այդ երկիրը ոչ միայն Հայոց ցեղասպանության կազմակերպիչն է, որն Անկարայում մինչեւ հիմա հրաժարվում են ճանաչել, այլեւ Բաքվի այժմյան հաղթանակի ճարտարապետը:

Եվ թող Էրդողանը, որքան ուզում է, թակի փակ դուռը, միեւնույն է, Հարավային Կովկասում «սուլթանը» ռազմաբազա չի ունենալու: Սակայն միեւնույն ժամանակ թեժ կրքերը եւ թուրքական համառությունը պետք է ընդունվեն ի գիտություն, որպես պոտենցիալ սպառնալիք:

Թուրքիայի առաջնորդը վաղուց է ողջ աշխարհին ցուցադրել իր կամակորությունն ու ամենաարմատական մեթոդներով գործելու պատրաստակամությունը: Նա ճիշտ ժամանակ ընտրեց հայերի վրա հարձակվելու եւ հայամետ խաղացող Ֆրանսիային թուլացնելու համար՝ Մակրոնի դեմ ուղղելով ողջ իսլամական աշխարհին:

Ըստ «Վզգլյադի»՝ Թուրքիային իր նպատակին հասնելուց մեկ քայլ առաջ կանգնեցրել է Ռուսաստանը: «Դա նշանակում է, որ նա վրեժ կլուծի: Որ սադրանքները կշարունակվեն: Որ թուրք խաղաղապահների մասին այս խոսակցությունները հենց այնպես չեն արվում: Որ Մոսկվայի ու Անկարայի դիմակայությունը Հարավային Կովկասում չի ընդհատվել, այլ լավագույն  դեպքում տեղափոխվում է այլ փուլ: Էրդողանը դեռ կարող է անակնկալներ մատուցել, այն էլ՝ բացառապես տհաճ»,-ասված է Vz.ru-ի հոդվածում:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]