ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածության հիմնական ձեռքբերումները, հայտնել է, որ ամենաարժեքավորը հանդիսանում է այն, որ զենքերը լռեն են և մարդիկ չեն զոհվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ամենից առաջ, իհարկե, պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ զենքերը լռել են: Սա ամենակարևոր եզրահանգումն է: Մարդիկ չեն զոհվում: Դա ամենաարժեքավորն է, որ կարող էր լինել»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում հրադադարի հաստատումից հետո առաջին օրերը:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: