Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Անվերջ վերադարձ. Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ

Անվերջ վերադարձ. Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը 
կներկայացվի հատուկ ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնը հատուկ ցուցադրությամբ կներկայացնի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը՝ 29 լուսանկարչական աշխատանքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցադրության բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Գեղագիտության ազգային կենտրոնում։ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 30-ը:

«Ցուցադրության նախաձեռնողների նպատակը թիկունքի ամրապնդման գործում արվեստի միջոցով ներդրում կատարելն ու առաջնագծում գտնվող հայ զինվորին հնարավոր օժանդակություն ու աջակցություն ցուցաբերելն է. ցուցադրության մուտքի տոմսերի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

1970-ականներից սկսած` Գագիկ Հարությունյանի լուսանկարները հրապարակվել են տեղական ու համամիութենական պարբերական մամուլում, որոնք տարածվել են նաև արտասահմանում: Այդ տարիներին լուսանկարիչը բազմիցս գործուղվել է եվրոպական և աֆրիկյան երկրներ՝ ստեղծելով և հանրությանը ներկայացնելով իր յուրատեսակ պատմությունների շարքերը:

Լուսանկարչին հետաքրքրել են ոչ միայն այցելած երկրները կամ առհասարակ ճամփորդական թեմաները. նա ամենուրեք փնտրել է առավելապես մարդուն, ձգտել է բացահայտել մարդու և բնության հարաբերությունը, մարդու և տիեզերքի անտեսանելի կապը, ինչն ակնհայտորեն երևում է նաև հեղինակի «Ղարաբաղ» շարքի յուրաքանչյուր լուսանկարի մեջ։

Գագիկ Հարությունյանը «Ղարաբաղ» շարքը ստեղծել է 1992-1997 թվականներին՝ նաև Արցախյան պատերազմի առաջնագծում, Արցախի տարբեր շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ