Քաղաքականություն

Նորվեգիայի հայերը բողոքի ակցիաներով աջակցում են Հայաստանին ու Արցախին

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի հայերը բողոքի ակցիաներով աջակցում են Հայաստանին ու Արցախին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի հայ համայնքն այս օրերին բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հայկական համայնքի բողոքի ձայնն արտահայտվում է ինչպես լուռ ակցիաներ կազմակերպելով, այնպես էլ հայրենիքին աջակցող ելույթներով, հայրենասիրական երաժշտությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցերին մասնակցում են հարյուրավոր հայեր՝ հստակ պահանջներով։

«Նորվեգիայի կառավարությանը պահանջներ ենք ներկայացրել (որոնք եղել են 4 կետերով), որոնցով ասում ենք, որ ցանկանում ենք Նորվեգիայի կառավարությունը դատապարտի Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանդեպ, պահանջի դադարեցնել բոլոր հարձակումները և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, Կանխի տարածաշրջանում սրումը և տարածաշրջանային լայնամասշտաբ բախումների վերաճումը», - պատմել է Նորվեգիայի հայ եկեղեցական համայնքի ղեկավար Նարինե Հարությունյանը։

Ըստ նրա՝ հայ համայնքն ակնկալում է, որ Նորվեգիան կաջակցի Հայաստանին Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչները նաև աշխատում են տեղեկատվական դաշտում, փորձում տեղի լրատվամիջոցներին իրազեկել Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։

«Մեր գլխավոր լրատվականներից մեկը գրել էր, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին հրադադարը խախտելու մեջ։ Եվ այստեղ մի պայքար սկսվեց ամբողջ հայերով։ Չանցած մի քանի րոպե հոդվածը փոխվեց, և գրեցին, որ երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց։ Այն ամենն, ինչ մենք ուղարկում ենք, պաշտոնական աղբյուրներից են», - ասել է Նարինե Հարությունյանը։

Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցչի համոզմամբ՝ կշարունակեն բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե պատերազմը շարունակվի։ Նրա խոսքով՝ բոլոր հայերի նպատակը մեկն է՝ պետք է նորից Արցախը կառուցեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում