Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բունդեսթագի պատգամավորը մարդկության դեմ հանցագործություն է որակում Արցախի բնակչության թիրախավորումը

Բունդեսթագի պատգամավորը մարդկության դեմ հանցագործություն է որակում Արցախի 
բնակչության թիրախավորումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն մարդկության դեմ հանցագործություն է համարում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորն ասաց Ստեփանակերտում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը, այդ պատճառով կարևոր էր, որ մենք գայինք այստեղ և մեր աչքերով տեսնեինք իրականությունը: Մենք եղել ենք Շուշի քաղաքում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ»,- ասաց պատգամավորը:

Շտեֆեն Կոտրեն նշեց, որ իրենք աշխարհի խորհրդարաններին կոչ են անում խոսքից անցնել կոնկրետ գործողությունների:

«Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ այս պատերազմը շուտ վերջանա: Խաղաղություն սիրող յուրաքանչյուր կազմակերպություն հիմա պետք է ձայն բարձրացնի ընդդեմ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք գործել խաղաղության համար»,- նշեց Կոտրեն:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]