Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իտալահայերը խաղաղ ցույց են իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու կոչով

Իտալահայերը խաղաղ ցույց են իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու 
կոչով

ՀՌՈՄ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հռոմի Մոնտե Չիտորիո հրապարակում անցկացրել են խաղաղ ցույց` Իտալիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունն ու սաստել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև իտալացիներ:

«Այսօր մենք հավաքվել ենք մեր խոսքն ուղղելու Իտալիայի կառավարությանը, որպեսզի սաստի Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Խնդրում ենք ճանաչել Արցախի անկախությունը, քանզի դա միակ տարբերակն է ապահովելու Արցախի բնակչության խաղաղ կյանքը: Այսօր մեզ հետ կան նաև իտալացիներ, մեզ հետ պայքարում են, որպեսզի իրենց կառավարությունը ձայն բարձրացնի, քանզի լռել, նշանակում է մասնակցել: Եթե հարկ լինի, անշուշտ, բոլորս էլ պատրաստ ենք մեր եղբայրների կողքին լինել և պայքարել մեր ու Արցախի բնակչության ապահովության համար»,- նշել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչ Եվա Գաբրիելյանը:

Ցույցին մասնակցել են նաև իտալացի պատգամավորներ: Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Օրսինի Անդրեան իր լիակատար աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, իսկ պատգամավոր Ջեննարո Միլյորեն հայտարարել է, որ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմի գործողությունները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը:

Թալալ Խրայիս


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]