Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ սպասվող այցի մասին

Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ 
սպասվող այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասներ ներկայացնելով Մնացականյանի՝ Մոսկվա կատարելիք այցից:

«Հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա: Այցի շրջանակներում բանակցություններ տեղի կունենան արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնց ընթացքում կքննարկվեն միջազգային խնդիրներն ու տարածաշրջանային անվտանգության հարցը: Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, հետևողականորեն ջանքեր է ներդնում` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, աչքի են ընկնում ինտենսիվ երկխոսություններով, ինչպես ամենաբարձր, այնպես էլ մի շարք այլ մակարդակներում:

«Սպասվում է, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին ու կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- նշել է Մարիա Զախարովան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչի: Թշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]