Քաղաքականություն

Թուրքիան պատասխանատու է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղաշարժի համար.ՌԴ-ում Սիրիայի դեսպան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան պատասխանատու է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղաշարժի համար.ՌԴ-ում Սիրիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ռեժիմը ամբողջությամբ պատասխանատու է ահաբեկիչների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել տեղաշարժի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը՝ անդրադառնալով Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու Թուրքիայի քաղաքականությանը:

«Այս տեղեկատվությունն անկասկած հաստատում է, որ Սիրիան ճիշտ էր իր բազում նախազգուշացումներով, որ տարածաշրջանը ապակայունացնելու համար ուղարկված ահաբեկչական խմբավորումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասել է Հադդադը:

Հադդադը նշել է, որ Սիրիան նրանց վերջին կանգառը չէր լինելու, որ այս փաստերը պահանջում են այդ գործելաոճի նկատմամբ միջազգային զսպող դիրքորոշում:

«Սիրիան ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, որոնց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են»,-ընդգծել է դեսպանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում