Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական 
բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է հոկտեմբերի 2-ին համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:

«Քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են որևէ պարագայում»,- ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները կողմերին կոչ են անում լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները։ Համանախագահները նաև ընդգծում են, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը։

Վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցություններն առանց նախապայմանների:

Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am